Արցախի Իվանյան համայնքում գտնվող ռուսական խաղաղապահ առաքելության ռազմաբազայի մոտ երեկվանից բողոքի խաղաղ ակցիա էին իրականացնում մի խումբ արցախցիներ։ Ակցիայի նախաձեռնող Արթուր Օսիպյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգեց, որ ռուսական զորախմբի ներկայացուցիչները սպառնում են զրահամեքենայով անցնել իր մեքենայի վրայով, որի մեջ այդ պահին գտնվում էր ինքը։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ռուսական ռազմաբազայի մուտքն ագրելափակելու մասին հայտարարել էր երեկ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Թերսնումից մահացածը 40-ամյա տղամարդ է։ Լաչինի միջանցքի բացման պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշերն անցկացրել էին ռուսական հենակետի մոտ։ Արթուր Օսիպյանը բազայի մուտքի դիմաց հայտարարել էր՝ կա մեծ վտանգ, որ սննդամթերքի բացակայությունն Արցախում համատարած սովի պատճառ կդառնա, այն դեպքում, երբ խաղաղապահներն օդային ճանապարհով ստանում են մատակարարումներ։ Նա ակցիայի ընթացքը հեռարձակում էր ուղիղ երթերում և պահանջներ ներկայացնում Վլադիմիր Պուտինին։ Խաղաղապահները, ի դեպ, Օսիպյանից պարբերաբար պահանջում էին ոչ միայն չարգելափակել բազայի մուտքը, այլև դադարեցնել նկարահանումը։

«Փոխանցեք ձեր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին, որ բոլոր մահերը նրա խղճին են մնալու։ Նա բոլոր ղարաբաղցիներին խոստացել է արժանապատիվ կյանք, բայց իր խոստումը չի կատարել։ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու պարտականությունն իր վրա է վերցրել Ռուսաստանը, և պետք է այն կատարի»,-հայտարարել է Արթուր Օսիպյանը։

Օսիպյանը հիշեցրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, ըստ որի՝ 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, այնինչ այնտեղ այս պահին զինված ադրբեջանցիներ են, որոնք ապօրինի անցակետ են տեղադրել։ Ռուս զինվորականներից մեկը, ի պատասխան Օսիպյանի պահանջի՝ կատարել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, նրան մեղադրել է գումարով պատվիրված ակցիա անցկացնելու համար։

Ուշագրավ է, որ ռուսական զորքերն այնպիսի գործողություններ, որոնք իրականացնում էին արցախցի ցուցարարների նկատմամբ, չէին իրականացնում 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Լաչինի միջանցքից, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստներին» հեռացնելու համար, որոնք փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը։ Հիշեցնենք՝ այժմ էլ զինված ադրբեջանցիներն են փակել։

Ըստ էության, այս ակցիաներով  բացահայտվում է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը փակ է պահում ռուսական կողմի հետ  պայմանավորվածությամբ, քանի որ հարց է առաջանում, թե ինչպես կարող են ռուս խաղաղապահները մի դեպքում լուռ հետևել, իսկ մեկ այլ դեպքում ԲՏՌ կիրառել։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների պահվածքը ՌԴ-ի տեսակետից լիովին հասկանալի է, քանի որ նրանց շահերը համընկնում է։  «ՌԴ-ի համար կա մի չափանիշ՝  գործողությունը, որ ՌԴ իշխանությունների համար ընդունելի է, թե՝ ոչ։ Դրա համար, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանների ակցիան» չխոչընդոտվեց, իսկ հայերի հետ կարող են այսպես վարվել, ինչին ականատես եղանք։

Կրեմլում նստած Պուտինը, վարչակարգը գտնում են, որ հայերը չպետք է այդ գործողություններն անեն, օբյեկտիվ ճշմարտության փնտրտուք այստեղ պետք չէ անել։ Ակնհայտ է, որ Արթուր Օսիպյանի և իր ընկերների գործողությունները փոխհամաձայնեցված չեն ռուսների հետ, ինչն ավելի արժեքավոր է դարձնում իրենց գործողությունները։ Պարզ է, որ ռուսների պահվածքն այն է, որ դա անընդունելի է։

Այս ակցիան բան կփոխի, եթե մասնակցեն հազարավոր մարդիկ, չէ՝ ավաղ, ոչ մի բան չի փոխի։ Արցախի հասարակությունն այնպիսին է, որ պետության կազմակերպած գործողություններին ընդգրկուն են մասնակցում»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest