Արցախում ութամսյա շրջափակման հետևանքով սովամահության առաջին դեպքն է գրանցվել․ 42-ամյա Կ․ Հովհաննիսյանը մահացել է «քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով»։ Ամիսներ շարունակ ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով Արցախ մթերք չի մտել, իսկ հատուկենտ մթերքն էլ երկրի ներքին ռեսուրսների հաշվին է։

Արցախում խանութներն ու դեղատները փակ են, չկա սնունդ, հիգիենայի պարագաներ, նաև՝ դեղորայք։ Ամիսներ շարունակ գազամատակարարումն անջատված է, իսկ էլեկտրականությունը օրվա մեջ մի քանի ժամ է։ Տեղի իշխանությունները արդեն զգուշացրել են՝ առաջիկայում ալրաղացում վթարի պատճառով կարող է հացի մատակարարման խնդիր առաջանալ։ Վառելիք չկա, հասարակական տրանսպորտ չի գործում։

Իրինա Զաքարյանը հղի է, հերթական ստուգումներին ծննդատուն այցելելու համար ստիպված է ոտքով երկար ճանապարհ կտրել-անցնել։ «41 աստիճան արևի տակ ստիպված եմ ոտքով երեխայիս տանել մանկապարտեզ և հետո հասնել աշխատանքի, կանգնել հացի, եղած մրգի ու բանջարեղենի համար մարդաշատ հերթերում: Մտածելով, որ հանկարծ նորից չուշաթափվեմ։ Ծննդատուն հերթական այցս շատ դժվար է տրվում, պետք է քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հասնել: Չեմ կարողանում անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, քանի որ չկա դրա համար անհրաժեշտ նյութերը», -ասում է նա։

Այս օրերին, ասում է, Աստծուց խնդրանքը միայն առողջությունն է․ «Մտքում աղոթում եմ Աստծուն՝ խնդրելով միայն առողջություն: Եթե հղիության ժամանակ միշտ ավելի զգայուն են լինում, ունենում են վախեր, ապա պատկերացրեք իմ ապրումները այս պայմաններում: Երբ գիտակցում ես, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս սթրեսային վիճակը, ուտելիքների ու վիտամինների բացակայությունը քո ու քո դեռ չծնված երեխայի համար»

Արդյոք կկարողանա՞ առողջ երեխա ունենալ, ինչպե՞ս է անցնելու ծննդաբերությունը, իսկ եթե հանկարծ կեսարյան հատման անհրաժեշտություն լինի՞, ու դեղեր չկան, իսկ եթե փոքրիկը առողջական խնդիրներ ունենա, և չի լինի բժշկական օգնության ոչ մի միջոց, եթե հանգամանքերի բերումով հանկարծ չկարողանա մայրական կաթ տալ բալիկին, ինչպե՞ս է կերակրելու, չէ որ կանթնախառնուրդներ ևս Արցախում չկան։ Այս հարցերը տանջում են Իրինային, և դրանց պատասխան չկա, ինչն էլ ավելի է ցավեցնում նրա սիրտը։

Առայժմ, ասում է, ժպիտով է արձագանքում 4-ամյա որդու հարց-պահանջին․ «Մամ, որ ճանապարհները բացեն, տորթ կթխես, լա՞վ»:

«Արդյո՞ք ես տեսում եմ իմ ու ընտանիքիս ապագան Արցախում: «Ապագա»․ բառ, որը չեզոքանում է այս անորոշության մեջ: Անորոշություն, որը հյուծում է: Գիտակցում եմ, որը վաղը հնարավոր է ավելի վատ լինի: Սակայն, սրտի խորքում պահվում է մի փոքրիկ հույս` իմ հայրենիքում, իմ տանը խաղաղ և երջանիկ ապրելու հույսը: Հույս, որ ծլում է այս հողից և օգնում է դիմակայել», -ասում է նա։

23-ամյա Քրիստինա Փարամազյանը կենցաղային նույն խնդիրների ու հոգսերի միջով անցնում 1,9 տարեկան երեխային մեծացնելիս․

«Դժվարությունները շատ են, խանութները փակ են, դեղատներում դեղ չկա, կա կաթնախառնուրդների խնդիր։ Օրինակ, ամուսնուս մոտ ստամոքսային խոց են ախտորոշել, դրա համար նշանակված դեղը չունենք», -ասում է Քրիստինան։

Վառելիք չկա, տրանսպորտը չի աշխատում, երեխային դժվարությամբ են հասցնում մանկապարտեզ։ Այստեղ փոքրիկը մնում է մի քանի ժամ։ «Ինչքան կարողանում են, պահում են, բայց մեկ է, հիմնական սնունդ չկա, եթե լինում է, միայն՝ բանջարեղեն», -ասում է 23-ամյա մայրը։

Երեխային մանկապարտեզ ընդունելիս անալիզներ չի կարողացել հանձնել, որ համապատասխան տեղեկանքն ստանա․ լաբորատորիաները չունեն անհրաժեշտ հագեցվածությունը անալիզ ընդունելու համար։

Ամուսնու աշխատանքի ծավալը կրճատվել է, հետևաբար՝ նաև եկամուտները, ապրում են ամուսնու ծնողների թոշակով, թեպետ Արցախում բանկոմատներից էլ դժվար է գումար ստանալ․ «Բանկոմատներից գումար չենք կարողանում հանել, քանի որ հիմնականում չեն լիցքավորվում, փող չկա»։

Երիտասարդ կինը չի պատկերացնում՝ ինչ կարող է լինել։ Սպասումների մասին նրա մտքերը հույս չեն ներշնչում․ «Լավ բան չեմ սպասում, քանի որ ամեն ինչ դեպի վատն ա գնում»։

«Ամենօրյա պայքար՝ կենդանի մնալու համար․ մարդակեր հարևանների կողքին ենք ապրում», -Արցախում իրենց կյանքն այսպես է ներկայացնում Գայանե Առստամյանը։

Ի տարբերություն երիտասարդ Քրիստինայի անհուսության, տիկին Գայանեի մտքին մի բան է՝ «Ոչ մի կերպ չհանձնվել՝ ոչ հոգեպես, ոչ ֆիզիկապես, դա դոգմա է, քննարկման ենթակա չէ»։

Նրա խոսքով, իհարկե, խնդիրներ կան, բայց դրա այլընտրանքը հանձնվելն է․ «Ի՞նչ հանձնվենք, մեզ տանեն հրապարակներում մատա՞ղ անեն։ Այո, շատ մարդիկ շատ վատ վիճակում են՝ աշխատանքը կորցրած, սոցիալական ծանր պայմաններում, բայց մենք հայեր ենք, մեկս մեկիս օգնում ենք մեր ունեցածով ու փորձում ենք այս վիճակից դուրս գալ»։

Տիկին Գայանեն, որ նաև ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Արցախում, Արցախ-Ադրբեջան բանակցություն չի պատկերացնում, քանզի Ադրբեջանը չի բանակցելու, այլ թելադրելու է։ «Ինչի՞ մասին բանակցեն, իրենք չեն բանակցելու, իրենք թելադրելու են», -ասում է տիկին Առստամյանը։

Իրավիճակի լուծում կարող է լինել միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա․ «Աշխարհը այս պարագայում պարտավոր է միջամտել, ճնշում գործադրել, հակառակ դեպում ստանալու է շատ ավելի դաժան հետևանք, քանի որ կյանքում չարը չի կարող մնալ անպատիժ։ Աշխարհը պետք է հասկանա, որ այստեղ միայն մեր հարցը չէ, մարդկության հարց է դրված։ Ալիևը հանցագործ է, եթե դուք ընտրում եք այդ հանցագործին, ուրեմն՝ ձեզ բարի ճանապարհ դժոխք։ Ես ասում եմ սա Ղարաբաղից, թող իրենք դա լսեն»։

Հասմիկ Համբարձումյան

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest