«Ինձ պետք ա էս հինչ Պենը» այս անունով խումբը ֆեյբուքում արցախցիներն օգտագործում են առաջին անհրաժեշտության պարագաներ՝ շաքարավազ, աղ, սուրճ, մանկական կերեր, օճառ հայթայթելու համար։ Շուրջ 13 հազար հետևորդ ունեցող էջում յուրաքանրյուր օր մի քանի տասնյակ գրառումներ են հրապարակվում։ Ծանր կացության մեջ հայտնված արցախցիներն այս իրավիճակում էլ փորձում են ելքեր գտնել, չկոտրվել ու դիմակայցել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ «Շամպուն և ամանի հեղուկը կփոխանակեմ ձվի հետ»,-խմբում գրել է մի արցախցի, իսկ մյուսը երեխայի համար թեկուզ մեկ «չուպա-չուպս» գտնելու հայտարարություն է տարածել։

Խմբի գրառումներից պարզ է դառնում, որ արցախցիները շատ դեպքերում էլ պարզապես իրենց քիչ ունեցածը հնարավորության չափով կիսվում են հայրենակիցների հետ։

41-ամյա Նարինե Սաֆարյանը մեծ դժվարությամբ է կարողանում ամեն օր 11 հոգանոց ընտանիքին գոնե միայն ցամաք հացով ապահովել։ Նա 10 երեխա ունի, փոքրը երեք ամսական է, մեծը՝ 21։ Նա ամուսանացել է և Ստեփանակերտում է բնակվում։ Ճարտարում բնակվող տիկին Նարինեն ու ամուսինը փորձում են երեխաներին ապահովել ապրելու համար նվազագույն պայմաններով, երբեմն չի ստացվում։

Ընտանիքի եկամտի աղբյուրը երեխաների նպաստն է ու ամուսնու աշխատավարձը։ Նա Ճարտարի դպրոցում բանվոր է աշխատում, տիկին Նարինեն էլ մաքրուհի էր աշխատում, սակայն, երեխայի ծնվելուց հետո աշխատանքից դուրս է եկել։

«Բանջարանոցի եղածով ենք սնվում։ Ջուր չունենք, ամբողջը չորացել է։ Ջուրը ժամերով են տալիս, քիչ է չի հերիքում, ամաններով ջուր ենք վերցնում, որ ջրենք։ Ասում են՝ էլեկտրաէներգիան չի հերիքում, քիչ-քիչ են տալիս, որ մարդիկ կարողանան ապրել»,-ասում է տիկին Նարինեն ու շեշտում, որ եթե ոռոգման խնդիրը չլինի բանջարանոցով էլի յոլա գնալ կլիներ։

«Գումար պետք է լինի ձեռքիդ, ամեն օր պարտքով ապրանք չեն տալիս։ Ամեն ինչ թանկացել է, կարտոֆիլը, որ 100-150 դրամով էինք առնում, հիմա 500 դրամով ենք առնում»,-ասում է նա ու նշում, որ ապրուստ վաստակելու համար ցանկացած աշխատանք կատարում են՝ այդ թվում, երեխաները։

«Մոշ կա մեզ մոտ, քաղում ենք, երեխաները 1000-2000 դրամով ծախում են, որ կարողանանք մի ձմերուկ առնենք։ Քաղցր ոչինչ չկա, որ երեխաներն ուտեն։ Պոմիդորը 1500 դրամով ենք առնում, շատ է թանկացել, պեսոկ չկա, երեխաները քաղցր են ուզում, չկա»,-ասում է նա։

Չնայած առկա դժվարություններին բազմազավակ մայրը չի մտածում ադրբեջանական կողմի առաջարկած տարբերակով՝Աղդամով, սնունդ ձեռք բերելու մասին։

«Ես չեմ գնա, վախ կա։ Փոքր էի, իրենց հետ գնալ-գալ կար, բայց էս թուրքերը շատ վտանագվոր են, կվախենամ, որ երեխաներս իրենց հետ ապրեն»,-ասաց նա։

Ընտանիքն աջակցության կարիք ունի, ցանկացողները կարող են ֆիանսական աջակցություն տրամադրել՝ փոխանցման տարբերակով։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest