Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով Լիտվայի իր գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը՝ Միրզոյանն անդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest