ՀՀ քննչական կոմիտեի 04.08.2023 թ. պաշտոնական հայտարարությունից՝ զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով, ակնհայտ երևում է, որ օրվա իշխանության համար Հայոց բանակը և սպայակազմը որևէ արժեք չեն ներկայացնում, վերոնշյալը ապացուցվում է զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի, արդեն իսկ, սպանության հանգամանքների կոծկմամբ:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հուղարկավորումից գրեթե մեկ շաբաթ անց քննչական կոմիտեն հպարտությումբ հայտարարել է, որ երեք զինծառայողների կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Առնվազն մեզ համար ակնհայտ է, որ օրվա իշխանությունը՝ իրավապահ համակարգի հետ համատեղ, փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող անձանց շրջանակը բացահայտելու և քրեական պատասխանատվության կանչելու փոխարեն, գրեթե չորս տարի զբաղված են եղել քրեական գործով որպես տուժող և վկա անցնող զինծառայողների հանդեպ ճնշում ստեղծելու ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի “բարելավված” դատական համակարգի միջոցով, վերջիններիս խիզախության և ճշմարտությունը ներկայացնելու համար պատժելու ուղղությամբ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը արհամարհել է այն հանգամանքը, որ դատավարության ժամանակ տուժող սպաներից մեկը դատարանում հայտարարել է, որ իր ցուցմունքները քննիչի կողմից կեղծվել են, սակայն սպայի կողմից մատնանշված որպես ցուցմունք կեղծող քննիչը արժանանում է պաշտոնի բարձրացման՝ քննչական կառույցի մարզային վարչության ղեկավարի պաշտոնին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում սուտ մատնության համար մեղադրվող սպաներին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ բացահայտելով փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող բոլոր մասնակիցներին:

Հ.Գ. Քննչական մարմնի կողմից այս անհաջող քննչական գործողությունները հնարավոր է, որ մի օր ավարտվեն նաև դիվանագիտական սկանդալով, քանի որ երեք զինծառայողներից մեկը դեպքից որոշ ժամանակ անց զորացրվել է և ընտանիք է կազմել Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի աշխատակցի հետ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest