Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ հիշեցնելով՝ հունիսին ԵԽԽՎ-ն Փոլ Գավանի զեկույցի վրա հիմնված բանաձև ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
«Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ — «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար», — գրել է ԱԳՆ խոսնակը։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-ին շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, հաստատեց Լաչինի միջանցքում ստեղծված կացությանը վերաբերող բանաձևը։ 48 կողմ, 16 դեմ քվեների հարաբերակցությամբ Վեհաժողովն արձանագրեց, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, նաև կոչ արեց Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին հրապարակված վճիռը։
Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Նաև ԿԽՄԿ-ն է ահազանգում՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։120 հազար մարդ կանգնած է սովի վտանգի առաջ։
Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։ Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել՝ դա նաև համարելով «ոտնձգություն» իր տարածքային ամբողջականության հանդեպ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: