Գյումրեցի 31-ամյա պահեստազորի սպա Արմեն Աջամյանի դեմ նախաձեռնված վարույթը շուտով կկարճվի։ Որոշումն ուղարկվել է դատախազություն։ Արմեն Աջամյանը սպասում է դատախազի հաստատմանը, որ հանգիստ շունչ քաշի։

Նա այն հազարավոր սպաներից է, ում պատերազմից հետո հանիրավի մեղադրել էին դասալքության համար։ Բայց բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ Արմենը փախել է, խուսափել զինծառայողի պարտականությունները կատարելուց, երկու տարուց ավելի տևած քննության ընթացքում այդպես էլ չեն կարողացել ձեռք բերել։

«2020 թվականին, հենց պատերազմը սկսվեց, ես կամավոր գնացել եմ։ Ես էդ ժամանակ արդեն թոշակի էի անցել։ Ես իմ ջոկատով կռվել եմ Մատաղիսում։ Մասնակցել ենք ծանր մարտերի։ Հետո մեզ ամբողջ ջոկատով կանչել էին Դուցի զորամաս, ներկայացանք, բայց ասեցին, որ գնանք տուն, որ մեր կարիքը չկա, որ եթե մենք պետք լինենք, կկանչեն։ Մենք էլ գնացինք։ Հետո թղթերում խառնաշփոթ էր եղել, մեզ ասեցին, որ մենք չենք ներկայացել։ Գործ բացեցին, ու մինչև հիմա չեն փակել», — Forrights.am-ին ասում է Արմեն Աջամյանը։

Հետաքրքիրն այն է, որ  Մատաղիսում կռված լինելու հանգամանքը քննչական մարմինը հաշվի չի առել։ Եթե մարդը մասնակցել է պատերազմական գործողություններին, ինչպե՞ս կարելի է նրան դասալիքության համար մեղադրել։ «Մեզ զինկոմիսարիատից որ կանչեցին, մենք երեք ամսով պետք է զորամասում լինենք, չէ՞, մենք իրենց կանչերին պետք է պատասխանենք, եթե պետք է զորամասում մնանք, դրա  մասին է խոսքը։ Բայց մենք չենք մնացել, որովհետև մեզ ասել են, որ պետք չենք», — ասում է պահեստազորի սպան։

Երկու տարուց ավելի տևած վարույթի ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն արվել, բայց Արմեն Աջամյանը այդ ընթացքում շատ բաներից է զրկվել։ Չի կարողացել պետական աշխատանքի անցնել, քանի որ որպես մեղադրյալ էր անցնում քրեական գործով։ Պատմում է, որ մայրը Ռուսաստանում է եղել, հիվանդացել է, ու ինքը երկար ժամանակ չէր կարողանում գնար նրան տեսնելու։

«Ի վերջո, ես դիմում գրեցի, ինձ տաս օրով ազատեցին Հայաստանից չբացակայելու պարտավորությունից, գնացի, մորս տեսա, եկա», — հիշում է Աջամյանը։

Միակ աշխատանքը, որ կարողացել է անել պատերազմից հետո՝ տաքսի քշելն է եղել․ «Տաքսի եմ քշում, ի՞նչ պետք է անեմ։ Բոլոր թոշակի անցած զինվորականներն էլ տաքսի են քշում»։

Պատերազմից հետո հազարավոր «անհեռանկար» գործեր բացեցին զինվորականների դեմ, ովքեր կռվում էին առանց տարրական պաշտպանության միջոցների, երբեմն՝ առանց բավարար զենքի ու փամփուշտի, «կասկայի» ու «բռոնեժիլետի», բայց սա որպես  մեղմացուցիչ հանգամանք քննչական  մարմինները հաշվի չեն առել։  Քանի՞ այդպիսի գործ կա զինվորականների դեմ։

Հունիսի վերջին քննիչ հանձնաժողովը փորձեց հիմնավորել ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակած թվերը։ Հայկական բանակում դասալիքներն ու զինվորական ծառայության հետ կապված այլ հանցադեպերով անցնող անձինք 12 հազար 600-ն են։ Հանցանքները հիմնականում չեն ապացուցվում, գործերը երկար, անարդյունավետ քննություններից հետո կարճվում են, մարդիկ էլ վերականգնվում են իրենց պաշտոններում։

Վերջերս 2 նման գործ ուղարկվեց դատարան։ Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Պետրոսյանն, ըստ դատախազության 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու եւ տարածումը կանխելու փոխարեն մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել եւ հրամայել է նահանջել: Հայտնել է, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն:

«Այնուհետեւ հրամայել է անմիջապես նահանջել եւ, առանց մարտ վարելու, դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը եւ նահանջել: Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել եւ վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը»: Ստացվում է, որ Պետրոսյանին և նրա զինվորներին մսաղաց են ուղարկել ու մեղադրում են չզոհվելու մեջ։ Գործը Սյունիքի դատարանում է։ Մյուս գործն էլ վերաբերում է  գնդապետ, մոտոհրաձգային գնդի զինծառայողների պետ Արմեն Գրիգորյանին։ Նա, ըստ մեղադրանքի, չի կատարել վերադաս հրամանատարի հրամանը, ասելով, որ բարոյահոգեբանական ընկճված վիճակում է։

Մի գործ էլ մտաբերեցինք՝ կադրային սպա Տարոն Ա․-ին, որը 44-օրյայի պատերազմի օրերին Ջեբրայիլի մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ էր հերոսաբար հանել շրջափակումից, մեղադրեցին  լրտեսության համար։ Նա մի ռուս աղջկա նամակներ էր գրել ու նկար էր ուղարկել՝ զորամասի տարածքում կանգնած իր լուսանկարը։ տարոնին կալանավորեցին, երկար ձգձգված քննությունից հետո բաց թողեցին, մեղադրանքը կարճելով։ Սպային վերականգնեցին պաշտոնում, բայց նա այս ընթացքում կորցրեց ընտանիքը, մայրը վատառողջ դարձավ ծանր ապրումներից։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest