«Հանդիպեցինք Կարմիր խաչի գրասենյակի ղեկավարի հետ, ներկայացրեցինք մեր պահանջը՝ լինի հասցեական դիրքորոշում՝ այս դեպքերի հետ կապված: Իհարկե, խուսանավող պատասխաններ ստացանք: Մենք հայտարարեցինք, որ կատարվածի միակ պատասխանատուն Կարմիր խաչն է, որովհետեւ իրենց մեքենայից են առեւանգել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մոտ ցույց անող երիտասարդներից Ալվարդ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ ուսանողները Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց են հայտարարել: Իսկ այսօր առավոտից փակել էին գրասենյակի մուտքը: Հիշեցնենք նաեւ, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Ցուցարարների տաս հոգանոց խումբը մտել էր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ եւ գրասենյակի ղեկավարն ընդունել էր նրանց: Հանդիպման մասնակիցները հայտարարել են՝ հասկանում են, որ Կարմիր խաչի աշխատակիցները չեն կարող զենք կրել կամ նրանց զինված խմբավորում ուղեկցի, բայց եթե Կարմիր խաչի մեքենայից մարդ են առեւանգում ադրբեջանցիները, գոնե հասցեական դիրքորոշում պետք է հայտնել կառույցի կողմից:

«Լռելով կամ երկու դիվանագիտական հայտարարություն անելով՝ հնարավոր չէ հարցին լուծում տալ: Սա կարող է նաեւ շարունակական լինել: Այդ մարդու փոխարեն կարող ենք լինել մենք բոլորս, մեր ծնողները, ովքեր որ ինչ-որ չափով մասնակցել են պատերազմին: Պատասխանն այն էր, որ իրենք անում են շատ բան, ինչին մենք տեղյակ չենք, նաեւ փակ դռների ետեւում են շատ աշխատանք կատարում, ինչին նույնպես տեղյակ չենք: Մենք էլ հավելեցինք, որ արդյունքներն են տեսնում եւ գնալով ավելի վատ է լինում ու եթե այս հեղինակավոր կառույցը հիմա հեղինակազրկվել է, Արցախից մարդիկ այլեւս չեն գալու՝ չեն վստահելու Կարմիր խաչին, էլ ո՞րն է այս կառույցի գործունեության իմաստը»,- ասաց Ալվարդ Զաքարյանը:

Ցուցարարները չեն հանձնվում, նստացույցը կշարունակվի այնքան՝ մինչեւ Կարմիր խաչը հասցեական դիրքորոշում արտահայտի: Պահանջը՝ Ժնեւի գրասենյակում ասուլիս հրավիրելու եւ հասցեական հայտարարություններ անելու՝ մնում է ուժի մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest