Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփել է 2023թ–ի երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ առկա խնդիրները։

Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել, որից 11–ը իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5–ը` գործարար շրջանակներից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշն առաջին կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։

Մելիքյանի դիտարկմամբ՝ որպես կանոն անտեսվում են արտադատական լուծումները, որոնցից են` դիմել խմբագրություն, հերքում պահանջել կամ պատասխանի իրավունքից օգտվել, ԶԼՄ–ների էթիկայի կարգավորման դիտորդ մարմնին դիմել և այլն։ «Միջազգային նորմերն ու մեր օրենսդրությունն ասում են, որ արգելանք կարելի է դնել այն դեպքում, երբ կա համոզմունք, որ չդնելու պարագայում հնարավոր չէ կատարել դատական ակտը, մինչդեռ այստեղ որևէ վտագ նկատելի չէր։ Համարում ենք, որ դատական գործերն ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների` ունեն ճնշելու, հաշիվ մաքրելու միտում»,- նշեց Մելիքյանը։

Նա նաև հավելեց, որ եռամսյակի ընթացքում հայտնաբերվել էնաև երկու դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, նրանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունք է ցուցաբերվել։ Այս պարագայում լրատվամիջոցն է դիմել դատարան ըննդեմ իրեն վիրավրողի։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ընդգծեց, որ այս եռամսյակում, ինչպես նաև նախորդ եռամսյակում, չեն եղել ֆիզիկական բռնություններ ընդդեմ լրագրողների։ Փոխարենը եղել են 18 տարատեսակ ճնշումներ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ։ 24 խախտում էլ եղել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի հետ կապված։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest