Հուլիսի 26-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին ինքնասպանության հասցնելը» նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔԿ-ից նշում են, որ ձևավորվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատաձգաբանական, դատահետքաբանական դատագենետիկական համալիր փորձաքննություններ։

Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու և կատարվածին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest