Freedom House միջազգային րավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ահազանգին Արցախում տիրող ծանր հումանիտար իրավիճակի մասով։
Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ մարդասիրական բեռների անցում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլատրել ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը»,-ասվում է կառույցի թվիթերյան գրառման մեջ։
Կոչ է արվում նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկել է դեղորայքից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք հորդորում ենք ժողովրդավար կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ մարդկանց դիտավորյալ սովամահությանը»,-ասվում է հայտարարության մեջ։