Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ավստրիական DerStandard օրաթերթին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Շշտելով, որ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին՝ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանի համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակն այժմ շատ ծանր է, մոտ է հումանիտար աղետի․ գրեթե 7 ամիս է ԼՂ-ն շրջափակման մեջ է և արդեն մեկ ամիս է ընդհանրապես ոչ մի բեռ չի մտնում Լեռնային Ղարաբաղ, ասել է Արարատ Միրզոյանը շեշտելով՝ միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։

«Մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ», — ասել է Միրզոյանը։

Խոսելով տևական խաղաղության նախապայմանից՝ Հայաստանի արտգործնախարարը նկատել է՝ կարևոր է խուսափել թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց:

«Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը», — ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հարցին, թե որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ի վերջո, Հայաստանը Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, Միրզոյանը պատասխանել է․ — «Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest