44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են փնտրում։ Այսօր նրանք կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ դիմում են գրել՝ ցանկություն հայտնելով հանդիպել Փաշինյանին։

«Մեզ ոչ ոք չընդունեց, ոչ մի պատասխան չտվեցին, արհամարհանքից ու վիրավորանքից բացի ոչինչ չտեսանք։ Երեսի զոռու դիմումը գրեցինք, սպասենք, տեսնենք՝ ինչ կպատասխանեն։ Գրել եմ, որ ընդունի Փաշինյանը մեզ։ Անձամբ ես եմ գրել։ Մենք ուզում ենք ուղղակի խոսենք, ուղղակի հարցեր ու պատասխաններ լինեն», — ասաց բողոքի ակցիայի մասնակից ծնողներից մեկը՝ տիկին Գայանեն։

Որդուն երկու տարուց ավելի սպասող կինը պնդում է․ «Մեր երեխեքին պո լյուբոմու տալու եք։ Չենք թողնելու հանգիստ ապրեք»։

Կառավարության մոտ պատասխան չստանալուց հետո ծնողները գնացել են Բաղրամյան 26, որտեղ ժամանակավոր տեղափոխվել է վարչապետը, քանի որ կառավարությունում նրա աշխատասենյակը վերանորոգման մեջ է։

«Առաջին հերթին էս ծնողներին պետք ա ընդունեն, էս ի՞նչ անլուրջ վերաբերմունք ա», -ասաց ծնողներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակից ծնողները «Քիմիկների զորամասի» զինծառայողների հարազատներն էին։ 44-օրյա պատերազմի թեժ շրջանում «Քիմիկների զորամասի» զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը շուրջ մեկ տարի է՝ չեն կայանում։ Այս քրեական վարույթի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը, «Քիմիկների զորամասի» հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Արմեն Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Ծնողների դժգոհությունը նաև դատական նիստերի հետաձգումներն են։

Նախագահականից նրանց երկար ժամանակ որևէ ներկայացուցիչ չէր մոտենում, և ծնողները հայտարարեցին թե մտադիր են ճանապարհ փակել․ «Ճանապարհ կփակենք, ինքն էլ ճանապարհ փակելով դարձավ վարչապետ։ Մենք էլ մեր երեխեքի համար ենք փակում»։

Այդպես էլ պատասխան չստանալով նախագահականից, կանայք դուրս եկան փողոց և փակեցին Բաղրամյան պողոտան։ «Ասում են՝ հեսա կընդունեն, հեսա կհանդիպեն, հեսա, հեսա, բայց չեն անում, ես լակո՞տ եմ։ Մենք էլ սենց ենք որոշում հարց լուծել», -ասաց տիկին Գայանեն։

Փողոցը փակելը կարճ տևեց, նախագահականից խոստացան, որ վարչապետի հետ հանդիպում կկազմակերպեն, և ծնողները ազատեցին պողոտան։

«Խոստացան հանդիպում կազմակերպել, եթե չեղավ, եթե էլի խաբեցին շատ ավելի ծանր ա լինելու, փակելու ենք ճանապարհներ, իմ ամբողջ տոհմն ա գալու։ Լինելու ա էլ ավելի բեթար։ Ոնց ընտրել ենք, ըտենց էլ կհանենք», -ասաց Գայանեն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest