Խնամքի հաստատություններում դիտորդական խումբը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում դարձյալ խնդիրների մասին են ահազանգում։ Այս տարի այս խումբը արդեն երկրորդ անգամ է այցելություն կազմակերպում «Զատիկ» և արձանագրում՝ խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ բռնությունները շարունակվում են։

Նախ՝ մարտի 29-ի այցից հետո Դիտորդական խումբը հայտարարել էր ֆիզիկական և սեռական բռնության մասին՝ ընդգծելով, որ տղաների խմբում նկատել էին վնասվածքներ և կապտուկներ ունեցող երեխաների։

Իսկ ահա մայիսին կատարած այցի ընթացքում դիտորդները նկատել են երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ լարվածություն։ Երեխաները կրկին հայտնել են այլ երեխաների կողմից վատ վերաբերմունքի, ներառյալ ֆիզիկական բռնության մասին։

«Որպես օրինակ՝ մեծ տղաները փոքրերին կարող են «խփել», երբ վերջիններս աղմկում և խանգարում են նրանց քունը։ Երեխաները պատմում են, որ իրենց սպառնացել են, թե «ձեր հալը կտեսնեք», եթե դիտորդներին բողոքել են։ Ըստ երեխաներից մեկի՝ աշխատակիցն ասել է՝ «էդ ձեր դիտորդներն եկան, ի՞նչ փոխեցին»՝ նկատի ունենալով, որ նույնիսկ Դիտորդական խմբի այցը որևէ բան չի փոխել։

Երեխաները նշում են, «սաղ իրանց ձեռն ա»՝ նկատի ունենալով աշխատակիցներին և ավելացնում, որ իրենց սպառնում են, օրինակ, Գավառի մանկատուն տեղափոխելով», -նշվում է Դիտորդների խմբի զեկույցում։

Որպես դժգոհություն, երեխաները մատնանշել են աշխատողների վարքը՝ «երեսով են տալիս, եթե ասենք մի կոնֆետ են տալիս»։

Երեխաները ոստիկանների բռնության մասին են խոսել․ «Երեխաներից մեկը հայտնել է նաև ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության մասին՝ առանձնացնելով հատկապես ոստիկաններից մեկին։ Ըստ նրա՝ ոստիկաններից մեկն ասել է՝ «ում ուզում եք, բողոքեք»։ Երեխաները պատմում են, որ միայն մի դայակ է ոստիկաններին արգելել տղաներին հարվածել, որը սակայն հիմա չի աշխատում»:

Հատկանշական է, որ դիտորդական խմբի անդամները «Զատիկ» այցի ընթացքում կապտուկով երկու երեխայի են տեսել։ «Այս երեխաներից մեկը նշել է, որ ընկել է։ Փաստացի, տեղեկատվությունը հակասական և մտահոգիչ էր՝ հաշվի առնելով նաև նրանցից մեկի՝ ավելի բարձր տարիքով տղայի հետ շփման ընթացքում ակնհայտ վախեցած պահվածքը, ինչպես նաև տղաներից մեկի՝ սենյակը փոխելու խնդրանքը, որը երեխաների միջև վեճի պատճառով էր։ Բռնությունների գրանցման մատյանը, թեև պարտադիր լինելուն, չկար», -նշվում է զեկույցում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երեխաների խնամքի այս կենտրոնում բազում խնդիրների մասին արձանագրել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest