Հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին Հայաստանի փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում պաշտպանություն իրականացնելուց։
Փաստաբանների նպատակն է՝ կոտրել իշխանության անտարբերությունն այս ինստիտուտի նկատմամբ։ Եռօրյա ակցիաները շարունակությունն են ՀՀ փաստաբանական հանրույթի բողոքի ակցիաների, որոնք սկսվեցին հունիսի 7-ից, երբ փաստաբան Կարեն Ալավերդյանը բռնության ենթարկվեց ոստիկանության Կենտրոնի բաժնում։
Նա իր պաշտպանյալին գտել էր ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչի սենյակում, բերանքսիվայր ձեռնաշղթաներով գետնին պառկեցրած ու խոշտանգված։ Փորձել էր փրկել նրան, սակայն ինքն էլ է բռնության զոհ դարձել։
Եվ չնայած դրան, փաստաբանին ոստիկանների բողոքի հիման վրա մեղադրանք են առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։
Զուգահեռաբար ընթանում է քննություն փաստաբանի հաղորդման հիման վրա հարուցված վարույթով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը/խոշտանգելը։
Փաստաբան Կարեն Ալավերդյանը Forrights.am-ի հետ զրույցում հայնտեց, որ խոշտանգման գործում ինչ որ շարժ նկատվում է։ Իր պաշտպանյալին խոշտանգելու մասով գործը քննչական կոմիտեից ուղարկվել է ԱԱԾ։ «Առերեսում չի եղել, հարցաքննություն է եղել, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ էլ հաստատվել է, որ սիգարետով այրվածքներ կան, որ թմբկաթաղանթը պայթել է, այսինքն՝ այն, ինչ ինքը ներկայացնում է, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է։ Ինձ հետ կապված փորձաքննության եզրակացությանը դեռ սպասում ենք, իմ վնասվածքներն իհարկե, այդքան լուրջ չեն», — հայտնեց Կարեն Ալավերդյանը։
Քննության ընթացքը փաստաբանին չի գոհացնում․ «Սա այն դեպքերից է, որ կարելի էր ակնկալել ավելի արագ քնննություն, որովհետև մարդկանց իրականում հետաքրքրում է, էս ի՞նչ է կատարվում, որովհետև եթե նման բան եղել է, դա անհանդուրժելի է ու շատ խիստ պատիժ պետք է լինի։ Գոնե ինչ-որ միջանկյալ հայտարարություն պետք է լիներ, որից երևար, թե անցած մեկ ամսում ինչ են պարզել, սուտ են ասում, ճիշտ են ասում փաստաբանները։ Բայց որևէ նման հայտարարություն չի եղել»։
Փաստաբանը կարծում է, որ ավելի ընդունելի տարբերակ կլիներ, եթե ոստիկանությունը առանց սպասելու քրեական վարույթի արդյունքներին, ուղարկեր բռնարարքների մեջ կասկածվող ոստիկաններին կադրերի ռեզերվ։ «Նրանք էլի իրենց աշխատավարձը կստանային, բայց՝ զենքը ձեռքներին չէին ընկնի փողոցներ։ Նման բան չի արվել։ Ակնկալում ենք, որ դա կարվի քննիչի որոշմամբ»,-նշեց նա։
Հարցին, թե ինչ ակցիաներ են լինելու, նա պատասխանեց, որ իրազեկման ակցիաներ են լինելու, որ հասարակությունը իմանա, թե ինչ նպատակ ունեն փաստաբանները։ «Եռօրյան կոնկրետ ժամկետ է։ Մենք շատ վստահորդների իրավունքների հետ գործ ունենք, նիստերը չեն կայանալու, ծանրաբեռնվածություն է առաջ գալու դատարանների համար։ Ի վերջո, պետությունը պետք է հասկանա, որ փաստաբանական ինստիտուտը կարևոր է, իսկ ժողովուրդը՝ որ այս ամենը իր համար է արվում։ Պատկերացնում եք, փաստաբանը իմանա, որ նա մտնում է ոստիկանության բաժին, որտեղ 6-7 ոստիկան կարող են զեկուցագրեր գրեն և նա դատվի։ Էլ ո՞ր փաստաբանը, ինչ գործիքակազմով մարդ կպաշտպանի», -հավելեց փաստաբանը։
Ըստ Կարեն Ալավերդյանի, այս երկրից դժգոհություն ունեցող մարդիկ վստահ էին, որ փաստաբանները միշտ առանց խտրականություն դնելու իրենց կողքին են, անկախ քաղաքական հայացքներից։ «Այս խոշտանգումներով իշխանությունը ուղերձ է հղում իրենից դժգոհ քաղաքացիներին, որ փաստաբանի վրա հույս չդնեն», — ասաց նա։
Եռորյա հացադուլը նպատակ ունի ցույց տալու իշխանությանը, որ չի կարելի նման ձևով վարվել փաստաբանների հետ։ «Մենք պահանջում ենք նախ՝ գործը արագ քննել, դադարեցնել ոստիկանների լիազորությունները գոնե ժամանակավորապես, պահանջում ենք դադարեցնել Կենտրոնի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի լիազորությունները այլևս համակարգ չվերադառնալու պայմանով, որովհետև Կենտրոնի բաժինը քաղաքի սիրտն է, և ցանկացած մեկը կարող է այնտեղ հայտնվել։ Այդ բաժնում ներկայում պարբերաբար խոշտանգման ահազանգեր են լինում», — ասաց Կարեն Ալավերդյանը։
Հիշեցնենք՝ փաստաբանները մոտ մեկ ամիս է արդեն իրենց բողոքը տարբեր ձևերով լեն արտահայտում՝ հանդես եկան ասուլիսով, բռնությունները դատապարտող հայտարարություններով, բռնարար ոստիկանների լիազորությունները դադարեցնելու պահանջներով, բողոքի ակցիաներով, երթերով դեպի ՆԳՆ, դատախազություն, ՄԱԿ-ի գրասենյակ։
Հունիսի 26-ին՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, նրանք մեկօրյա ակցիա իրականացրին ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ և բռնցքամարտիկի ձեռնոցներ նվիրեցին Կենտրոնի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանին։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: