2023թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:

Ներկա փաստաբանները ցավով արձանագրեցին իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Ներկաներն արձանագրեցին նաև, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:

Այս ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝

1) 13.06.2023թ. Փաստաբանների պալատը կազմակերպել է մամուլի ասուլիս՝ ոստիկանների կողմից փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

2) 13.06.2023թ. Փաստաբանների պալատում հրավիրվել է ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից փաստաբանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

3) 13.06.2023թ. Փաստաբանների պալատը պաշտոնապես դիմել է մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE), Եվրոպայի Խորհրդի գրասենյակին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Իրավաբանների միջազգային Միությանը և Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միությանը՝ փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

4) 15.06.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է մի շարք միջազգային թիրախային կազմակերպությունների՝ այդ թվում  Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեյին, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնին, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը, Ամնեստի ինտերնացիաոնալին, Մարդու իրավունքների դիտորդ/Հյուման ռայթս ոչ կազմակերպությանը/, Մարդու իրավունքների միջազգային ծառայությանը, Ֆրիդոմ Հաուզին, Փարիզի փաստաբանների պալատին, Իրավապաշտպանների իրավապաշտպաններ կազմակերպությանը.

5) 15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու,  ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում վերջերս տարածում գտած խոշտանգումները վերացնելու համար.

6) 15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, ինչպես նաև ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները անհապաղ դադարեցնելու համար.

7) 15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝   Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև փաստաբաններ Կարեն Ալավերդյանի, Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ծեծի հետ կապված վարույթներով նախաքննության իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար.

8)  16.06.2023թ. փաստաբանները երթով այցելել են Եվրոպայի Միության Հայաստանյան գրասենյակ: ԵՄ պատվիրակության ընտրությունը հատկանշական էր եվրոպացի գործընկերներին իրազեկելու առումով, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին.

9) 16.06.2023թ. Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) ՀՀ նախագահին գրություն է ուղարկել՝ դատապարտելով փաստաբանի նկատմամբ բռնությունը.

10) 19.06.2023թ. փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Փաստաբանները հեռուստացույց են նվիրել գլխավոր դատախազին՝ ի նշան նրա այն արտահայտության, որ չի մտաբերում որ փաստաբան է ենթարկվել բռնության.

11) 20.06.2023թ. փաստաբանները բողոքի ակցիա են անցկացրել ՆԳՆ նախարարության դիմաց՝ հատուկ թիկնոցով և սաղավարտով: ՆԳ նախարարին է հանձնվել  նաև բռնություն կատարած ոստիկանների հեռացման պահանջը, որին միացել են շուրջ 900 փաստաբան.

12) 21.06.2023թ. Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միությունը դատապարտող հայտարարություն է տարածել փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

13)  26.06.2023թ. փաստաբաններն իրականացրել են մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

14) 26.06.2023թ. փաստաբանները քայլերթ են իրականացրել դեպի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներ են նվիրել Կենտրոնական բաժնի պետին.

15) 27.06.2023թ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ և ներկայացրել է նաև փաստաբանների բռնությունների հետ կապված խնդիրները.

16) 30.06.2023թ. Փաստաբանների պալատի ներկայացուցիչները մասնակցել են Ազգային ժողովում կայացած «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկմանը: Ներկայացվել է փաստաբանների կողմից մշակված օրենքի նախագիծը, որով փաստաբանների համար կամրագրվեն լրացուցիչ երաշխիքներ.

17) 30.06.2023թ. բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը հանդիպել է  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին.

18) 04.07.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է միջազգային կառույցներին՝ ներկայացնելով արդեն կատարված քայլերը:

19)  04.07.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի դեսպանատներին՝ ներկայացնելով իրավիճակը և Պալատի կողմից նախաձեռնված քայլերը:

Փաստաբաններն արձանագրում են, որ այս անգործության պայմաններում 2023թ. փետրվարին և հունիսին փաստաբանների նկատմամբ կատարված բռնությունների պատասխանատվությունն ընկնում է նաև 2023 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետ հանդիսացող Արամ Հովհաննիսյանի վրա:

Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով,  որոշեցին՝

—   պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը.

—   եռօրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

— փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest