Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ։ Որոշման նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Որոշման նախագծում Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մի քանի հիմնավորում է ներկայացված։

Օրինակ՝ այն, որ Թագուհի Թովմասյանն իր նախագահությամբ հանձնաժողովի նիստերից մեկի ընթացքում, ըստ նախաձեռնության հեղինակների, հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք։ Խոսքը, ամենայն հավականությամբ, վերաբերում է Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկման հարցով նիստին, երբ իշխանական պատգամավորներն ու ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին։ Այդ նիստում Էդգար Ղազարյանը, խոսելով 2018 թվականի հեղափոխության մասին, այն բնութագրել էր իբրև «ադրբեջանա-թուրքական»։

Ղազարյանի ասածներից հետո Թագուհի Թովմասյանը դիմեց նրան՝ հորդորելով ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից։ Ընդդիմադիրների ներկայացրած ՄԻՊ թեկնածուի այս հայտարարությունը հարուցեց իշխանական պատգամավորների զայրույթը։ ՔՊ խմբակցության քարտուղարը, դիմելով Ղազարյանին, սպառնաց կտրել բոլոր նրանց լեզուները, որոնք այդպիսի որակումներ կտան հեղափոխությանն ու քաղաքացիներին։ Հիմնավորման մեջ նաև նշվում է Թովմասյանի՝ ԱԺ խորհրդի նիստերից բացակայությունը, որը, իշխանական խմբակցության գնահատմամբ, բացասաբար է անդրադարձել հանձնաժողովի գործունեության վրա։ Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի օգոստոսին արտահերթ ընտրություններից հետո։

Ընդհանուր առմամբ, արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները երեք հանձնաժողով էին նախագահում, մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, երկուսը՝ «Հայաստան»։ Շուրջ մեկ տարի առաջ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նրա այդ որոշմանը նախորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին  խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից զրկելու քվեարկությունը։ Թովմասյանն այն ժամանակ հրաժարական չներկայացրեց և այժմ միակ ընդդիմադիր պատգամավորն է, որը խորհրդարանական հանձնաժողով է ղեկավարում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest