Այսօր՝ հունիսի 5-ին Դավիթ Ավետիսյանը երկօրյա ձերբակալությունից հետո ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից: Նրան նաև մեղադրանք են առաջադրել:
«Հառնելով այն հանգամանքը, որ Դավիթին ներկայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում, և ինքը այլևս մեղադրվում է հանցանք (խուլիգանություն) կատարելու մեջ, ապա պետք է ընտրվեր խափանման միջոց։ Որոշել են ընտրել բացակայելու մասին արգելքը»,-Forrights.am-ի հետ զրույցում ազատման հիմքերը ներկայացրեց Դավիթի փաստաբան Արայիկ Պպիկյանը:
Հիշեցնենք՝ Դավիթ Ավետիսյանը Անգլիական այգում, ըստ ոստիկանի զեկուցագրի, վարչապետ Փաշինյանին անվանել էր «դավաճան» «վիժվածք», ինչի կապակցությամբ հունիսի 4-ին քրեական վարույթ հարուցելու որոշում էր կայացվել:
Դավիթ Ավետիսյանը Ազգային-ժողովրդավարական բևեռի կամ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է։ Փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր՝ ոստիկանության զեկուցագրում նշվում է, որ Դավիթը Նիկոլ Փաշինյանին ասել է «դավաճան», «վիժվածք», սակայն չեն նշել երիտասարդի հիմնական խոսքը՝ «պատասխան ես տալու իմ զոհված ընկերների համար»։
«Ոստիկանությունն իր զեկուցագրում նշում է միայն Փաշինյան Նիկոլին ուղղված արտահայտությունները, սակայն չի նշել խոսքի երկրորդ մասը։ Այդպես են արել, որ ձերբակալման հիմք ունենան։ Այդ երկու արտահայտությունները առերևույթ ավելի շուտ վիրավորական արտահայտություններ են, բայց որպեսզի քրեական վարույթ հարուցվի, որոշել են կասկածանքը հարուցել խուլիգանության վերաբերյալ։ Այսինքն՝ այդ երկու բառերը դիտարկում են որպես խուլիգանական գործողություն», -նշել էր Արայիկ Պապիկյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: