Հունիսի 15-ից Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիարժեք շրջափակման մեջ։ Դադարեցվել են հումատնիտար և առևտրային բեռնափոխադրումները, Արցախ ոչինչ չի տարվում։ Ադրբեջանցիները փակեցին Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետն այն բանից հետո, երբ հունիսի 15-ի առավոտյան 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին և ՀՀ տարածքում փորձեցին ադրբեջանական դրոշ տեղադրել։ Հայկական կողմի ջանքերով փորձը կանխվեց, բայց այդ օրվանից Արցախում հումանիտար աղետը հասավ գագաթնակետին։

«Մենք չենք ստանում դեղորայք, սնունդ, տարեցների, երեխաների, նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ: Մենք չենք ստանում վառելիք և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են արցախցիների առաջ ծառացած հազարավոր խնդիրների՝ նրանց կյանքի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար: Իրավիճակը օր օրի դառնում է աղետալի և անհասկանալի է, թե ինչու է աշխարհը հանդուրժում այս ամենը»,- Արցախի պետնախարար Գուրգեն Ներսեսյանի խոսքերն են։

Շարքային արցախցիները լրատվամիջոցների հետ չեն խոսում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ժողովրդին՝ ասելով, որ ռազմական դրության պայմաններում զերծ մնան տեղեկություններ հայտնելուց։

Սույն հրապարակումը պատրաստելիս, Ստեփանակերտի բնակիչների մի մասը, որոնց դիմեցինք, ուղղակի հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Միայն 3 քաղաքացի համաձանեց խոսել, որոնք, սակայն, գերադասեցին չհրապարակել իրենց անունը։

 Սնունդ

«Օրինակ, պաշտոնապես հայտնում են, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը  սննդամթերքի, հատկապես մրգի և բանջարեղենի համար մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գներ է սահմանում և հետևում է, որ տնտեսվարողները դրանից բարձ գին չսահմանեն։ Օրինակ, 1 կգ կանաչ ոլոռն արժե, ըստ այդ ցանկի, 1000 դրամ։ Շուկայում սակայն 1 կգ ոլոռն արժե 1500-1600 դրամ։ Խանութներում կա միայն կոնֆետեղեն։ Որ մտնում ես խանութ, տեսանելի է կոնֆետը։ Էն մի քանի օրը, որ ճանապարհը բաց էր, լիքը քաղցարավենիք, շոկոլադ բերեցին։ Ու հիմա խանութներում դա է տեսանելի միայն։ Հաց կա, բայց ինչքան ժամանակ կլինի, հայտնի չի։ Ալյուր արդեն չկա»։

«Ոչինչ չկա։ Միրգ ու բանջարեղեն գոյություն չունի։ Գյուղերից բերում են կարտոֆիլ, լոբի, վարունգ, շատ թանկ գներով։ Ամբողջ մեր աշխատավարձը գնում է միայն սնունդի վրա։ Չկա շաքարավազ, որ երեխաներին առավոտյան նախաճաշին թեյ տանք։ Պատկերացնո՞ւմ եք, թեյ երեխային չեն կարողանում տալ։ Ես այսօր առավոտյան հարևանուհուս մի փոքր տվեցի իմ պահածից։ Իմն էլ է վերջանում»։

«Պատկերացնո՞ւմ եք, մակառոն ենք խաշում, բրինձ, բայց դրա հետ մի բան պետք է ծամես, որ ուտվի, չէ՞։ Թթու, օրինակ, կամ ինչ որ բանկա բացես, զակատ արած, գոնե հասարակ «կապուստա», որ էդ մակարոնը կուլ գնա։ Բայց ոչ մի բան չկա։ Գործի տեղը պերերիվի համար չես իմանում, ինչ տանես։ Կաթնամթերք կա, հա, բայց ինչքա՞ն կաթնամթերք ուտես։ Ես 24 ժամ գործի եմ։ Գործի տեղը մի հին պլիտա ա դրած։ Երեք ժամ դրա վրան մակարոն ենք եփում, ուտում»։

Դեղորայք, բուժսպասարկում

«Դեղատները կիսադատարկ են։ Մանկական կեր չկա, հիմնական դեղորայքը չկա։ Հիվանդանոցներում էլ դեղ չկա։ Երեկ մեզ ասեցին, որ հիվանդներին աշխատենք շատ դեղ չնշանակենք, որ շատ ծախս չլինի։ Մի պառկած հիվանդ ունենք, նրան սիստեմայի մեջ տարբեր դեղեր էինք դնում, բաց հիմա չկա, ինչ որ կա, դա ենք միացնում, փոխարինիչներ, բայց իրեն անհրաժեշտ դեղորայքը չկա, որ օգտագործենք։ Հիվանդանալ չի կարելի, անգամ գրիպ։ Բուժում  չկա»։

Իշխանություն

«Մեր իշխանությունը մեզ ոչինչ չի ասում։ Էս բնությունն էլ մեր դեմ է։ Երկու ամիս է՝ անձրևներ են, կարկուտ։ Ով ինչ ցանել է, կեսը կորցրել է։ Ի՞նչ են ուզում թուրքերը։ Որ մենք մնանք առանց սննդի, առանց ոչ մի բանի, ու ճարներս կտրած իրենց դիմենք։ Մենք չգիտենք, ինչ է լինելու, ոչ իրենք են ասում, ոչ ռուսները։ Այս փոքրիկ հողակտորի վրա երեք խմբավորում կա՝ Սամվել Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Արայիկ Հարությունյան։ Նստած, ամեն մեկն իր կողմ է փորձում քաշել ժողովրդին։ Մրցում են, թե ով ավելի շատ սոված ժողովուրդ իր կողքը կհավաքի։ Ես չգիտեմ, մեր վիճակում ոնց կարելի է մտածել քաղաքականության մասին։ Բենզին չկա։ Ստեփանակերտում ավտոները չեն գնում։ Մենակ ավտոբուսներն են գնում։ Քաղաքում երեք-չորս բենզալցակայան է գործում, բոլորը Արայիկ Հարությունյանի մարդկանցն են։

Ստեփանակերտում ծաղիկներ չկան, իսկական, բնական ծաղիկներ։ Մենակ արհեստական ծաղիկ են վաճառում։ Ժողովուրը էդքան զոհվածներ ունի, մի հասարակ ծաղիկ չի կարող տանել, դնել գերեզմանին։ Էսօր քաղաքի վրայով ամբողջ օրը ուղղաթիռներ էին պտտվում։ Չգիտեմ, ինչու։ Մարդիկ շատ են անհանգիստ։ Ինտերնետում գրում են՝ էս ի՞նչ ուղղաթիռներ են, ո՞վ ա եկել, ո՞վ ա գնում»։

«Մարդիկանց ես նայում, բոլորը տխուր, ամեն մեկն իր մտքերի  մեջ։ Բոլորը նույն հարցն են տալիս՝ էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ են անում, սենց բա՞ն կլինի։ Նորմալ ինտերնետ, կապ չկա, չես կարող խոսել, մի բանով զբաղվել, բայց «Ղ-Տելեկոմին»  բոլորը պարտաճանաչ վճարում են։ Մեր առօրյան իրար զանգելն ա, հարցնելը, որ խանութում ինչ կա, ինչ գնով։ Ամեն օր ներվերի վրա, սթրեսի»։

Շոր ու կոշիկ

«Հագուստ կա, բայց էնքան հին է, 100 տարի առաջ բերած, չծախված հագուստները դրել են, 10 անգամ ավելի թանկ գներով վաճառում են էդ մնացորդները։ Մարդիկ ստիպված առնում են։ Մենք դեռ ոչինչ։ Եղածով ենք բավարարվում, բայց երեխաներին ինչ անենք։ Երեխաները մեծանում են։  Փոքրիկ երեխայի կոշիկի գինը սկսվում է 10 հազար դրամից։ Ես իմ աղջկա համար առնում եմ «կեդեր», բառցովկեք, մի քանի համար մեծ, որ շնուրոկները կապում եմ պինդ, չի երևում, որ ոտքով շատ մեծ ա»։

Գունավոր կտրոններ

«Մեզ գունավոր կտրոններ են տվել։ Էնքան գեղեցիկ են։ Կտրոնների վրա գունավոր մրգեր են նկարած, բանջարեղեն, էնքան գեղեցիկ ուտելիքներ են նկարված։ Սաղ օրը նստես ու նայես։ Շաքարավազ ա դաժե նկարած։ էս կտրոնների վրա տպարանը երևի, լավ փող ա աշխատել։ Էդ տպարանին, կառավարությունը փող ա տալիս, երևի, բայց դրանց վրա նկարածից ոչինչ չկա խանութներում։ Մեզ մեր հերթը մնաց։ Մի օր հերթ ենք կանգնել, որ էդ կտրոնները ստանանք, բայց ոչ մի բան դրանցով չկարողացանք առնել»։

Աշխատանք

«Մարդիկ հոգնել են, ամեն ինչից։ Շատերը չունեն աշխատանք։ Քաղաքում էլ գազ չկա։ Գազի հիմնարկի աշխատողները գործ չունեն։ Դե, գազը վաղուց անջատել են։ Մի քանի ժամով են գնում գործի։ Մնացած աշխատողներին տուն են ուղարկել։ Գործ չունենք։ Բանակը միակ տեղն ա, որ փող ա տալիս։ Բոլորը գնում են բանակ ծառայության են ընդունվում, դառնում զինվորական։ Պետական աշխատողները ազատվում են գործից, գնում, տեղավորվում են զինվորական։ Որովհետև ընդեղ բարձր աշխատավարձ է, դիրքերում։ Բոլորը փողի համար զինվորական են դարձել»։

Հայաստան

«Եթե Երևանը բացեր իր սիրտը մեր առաջ, խղճար մեզ, ինչ որ անմարդաբնակ դաշտեր թեկուզ մեզ տար, մենակ տուն լիներ, մարդիկ կգնային։ Եթե մեզ ինչ-որ սկզբնական պայման տային, թեկուզ հասարակ տներ, մնացածը մենք կանեինք։ Մեզանից ոչ մեկը չի պատկերացնում, որ կգանք Հայաստան ու կաշխատենք ու կստանանք այնքան, ինչքան այստեղ էինք ստանում, կապրենք այնպես, ոնց որ մեր հայրենիքում։ Էդ կյանքը էլ չկա։ Հիմա մարդիկ պատրաստ են ամեն գործ անելու, ավել վերցնելու, մենակ թե ապրեն»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest