«Ծանր զենքերով էլ կրակում էին, բավականին երկար տևեց։ Տանը լսում էինք»,-Forrighst.am-ի հետ զրույցում ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների մասին պատմում է Երասխի բնակչուհի Տաթևը ու շեշտում․ «Այստեղ միշտ էլ կրակոցներ լինում են, այնպես չէ, որ առաջին անգամ էր։ Այս անգամ ահագին տևեց»։

Երասխ գյուղն ադրբեջանական դիրքերից ուղիղ գծով հեռու է 500 մետր, բնակիչներ կան, որ նշում են՝ իրենց տներն ավելի մոտ են, 300 մետր հեռավարության վրա։ Ադրբեջանը հունիսի 14-ի կեսօրին՝ 11:45-ի սահմաններում  կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, մարմնական վնասվածքներ են ստացել շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։

Ադրբեջանցիները կրակոցները գործարանի ուղղությամբ սկսել էին հունիսի 13-ի երեկոյան՝ 18:40-ի սահմաններում։ Հունիսի 18-ի դրությամբ գործարանում ակտիվ շինաշխատաքներ չէր իրականացվում, Forrighst.am-ին գործարանի տարածքում գտնվող աշխատակիցը հայտնել է, որ հունիսի 19-ին պետք է աշխատակիցներն ու ղեկավարությունը հանդիպեն։

«Կրակոցները չլինի լավ է, կրակոցները պետք է վապշե չլինեն»,-ասում է Երասխի 80-ամյա բնակիչ Արմենակ Շահնազարյանն ու հավելում․ «Լավ թափով կրակում էին, ծանր հրետանիով ու հրացաններով։ Մարդիկ աշխատում են, ի՞նչ ես խանգարում»,- ամուսնու խոսքը շարունակում է կինը․ «Կրակոցներին սովորել ենք, ո՞ւր պետք է գնանք, մեր տունն ու տեղն ո՞ւր թողնենք գնանք»։

Երասխի բնակիչները Forrighst.am-ի հետ զրույցում հստատակամ նշում էին, որ չեն մտածում գյուղից հեռանալու մասին, բայց իշխանություններից անվտանգության ռեալ երաշխիքներ են պահանջում։ «Իշխանությունը, եթե հիշի, որ կա Երասխ, որը սահմանապահ գյուղ է, ինձ թվում է կարող են լուծել այս հարցը, բայց ոչ մեկ չի հիշում, մենք անտեսված ենք։ Մեր զինվորների օգնությամբ մենք ենք պաշտպանում գյուղը։ Ուզում եմ, որ արթնանան, հիշեն, որ մենք գյուղ ունենք, հիշեն, որ այստեղ մանուկներ են մեծանում, որ վտանգավոր է ամեն քայլը»,-ասում է գյուղի բնակչուհի Տաթևը։

Նա լսել է Փաշինյանի նախընտրական խոստումները, հիմա հարցնում է՝ ո՞ւր է անվտանգ ապագան։

«Հողերը չպետք է տա, պետք է փորձի սաստի թշնամուն, որովհետեև իշխանություն է։ Եթե մենք ընտրել ենք, ապա պարտավոր է անել այն ամենն, ինչի համար ընտրել ենք։ Տեսնում ենք, թե ինչ ապագա է ստեղծվում, քանի պարոն Փաշինյանը կա, ես ոչ մի ապագա չեմ տեսնում։ Այս ամեն ինչը մենք ենք քաշում, ինքը չի քաշում։ Եթե ինքը չի կարողանում այս հարցը լուծել, թող աթոռը զիջի նրան, ով այս հարցը կլուծի»,-ասում է նա։

Կրակոցների օրը Երասխի դպրոցում տարեվերջյան քննություններ են եղել։ Դպրոցը, որտեղ սովորում է 129 աշակերտ, ադրբեջանական դիրքերից հեռու է 300-400 մետր հեռավորության վրա։ Աշակերտների ու ուսուցիչների անվտանգությունն ապահավելու համար քննությունը վաղաժամ դադարեցվել է։

«Վախը կա, բայց ցույց չենք տալիս և դա կանդրադառնա մեր երեխաների մոտ։ Փորձում ենք ուժեղ լինել, չլքել մեր գյուղը, եթե լքենք հակառակորդը հաղթանակած դուրս կգա»,-ասում է երասխի բնակիչներից մեկը։ Նա չի հավատում, որ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի խաղաղության հասնել՝ մատնանշում է թշնամու կողմից խախտվող հրադադարի ռեժիմները։

«Ոչ մեկին էլ չենք հավատում, ո՞ւմ հավատանք, Աստծո հույսին ապրում ենք։ Խաղաղության պայմանագի՜րը, ես ի՞նչ իմանամ, է՜․․․ չեմ հավատում, փորձը ցույց է տալիս․․․»,-ասում են Երասխում։

«Վախը սրտներս է, բայց մենք ենք ու մեր գյուղը, ուրիշ տեղ չունենք գնալու, մենք մեր գյուղը կպահենք։ Տարբեր զենքերի ձայներ էին լսվում, Աստված տա խաղաղություն լինի, մենք մեր տանը նստած լսում էին, մենք մեր գործով էինք զբաղվում, խուճապի չէինք մատնվում»,-ասում է վեց անչափահաս երեխաների մայր Անուշը։ Նա չի մտածում Երասխից հեռանալու մասին՝ չնայած, որ գյուղում սեփական տուն էլ չունի։

«Կրակում են երեխաները պատերի հետևն են մտնում»,-ասում է Երասխի մեկ այլ գյուղի բնակիչ՝ ցույց տալով այդ պահին հողե խաղահրապարակում խաղացող մանկահասակներին, որոնց մանկական ուրախության ձայները լռում են թշնամու կրակոցների ձայների սկսվելուն պես։

Երասխում մի բնակիչ, որը նկարահավեց առանց անունը նշելու, ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է գործող իշխանություններին։

«Սա մեր ներկա իշխանությունների քաղաքականության շարունակությունն է։ Այսինքն, Ադրբեջանն ասում է գործարան մի կառուցի, մենք չպետք է կառուցենք, Ադրբեջանն ասում է դու չպետք է ապրես, մենք չպետք է ապրենք, իմ պատկերացումն է սա։ Չեմ ընդունում խաղղություն ամեն գնով։ Այդ ամեն գնովի մեջ մեր արժանապատվությունն է մտնում, ես նեղվում եմ, որ Ալիևն հպարտ, ինձ վատ եմ զգում, որ իմ վարչապետն ընկճված է, ես էլ եմ խեղճանում»,-ասաց նա։

Երասխում նաև Նիկոլ Փաշինյանին սատարող բնակիչներ կան, սակայն, հրապարակման համար որևէ կարծիք հայտնելուց հրաժարվեցին։ Չնայած՝ նշում էին, որ վարչապետի շնորհիվ Երասխը եվրոպական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ ու ասֆալտապատ փողոցներ ունի։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest