39-ամյա Կարինե Վարդանյանը Զինված ուժերում որդու՝ Ռադիկ Թաթոսյանի մահվանից 2,5 տարի անց մահվան նոր հանգամանքներ է բահացայտել․ մինչ այժմ հայտնի էր, որ պատերազմի թեժ կետերով անցած 19-ամյա զինծառայողը ըստ պաշտոնական վարկածի մահացել է «միոկարդիտի ֆոնի վրա զարգացած սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով», սակայն դատաբժշկի լուսանկարներից մայրը պարզել է, որ որդու մարմնի վրա կան բռնության, դանակի հարվածների հետքեր։
Forrights.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս գործին․ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Ռադիկ Թաթոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է անփութության մեղադրանքով, սակայն գործով որևէ մեղադրյալ երկու և ավելի տարիների ընթացքում այդպես էլ չհայտնվեց։ Փոխարենը Ռադիկի մայրը՝ տիկին Կարինեն իր համար հստակեցրել էր մեղադրյալների շրջանակը՝ զորամասի հրամանատարություն, բուժկետի բժիշկ։ Որդուն կորցրած երիտասարդ կինն ասում էր, որ իր երեխային զորամասի բուժկետում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել, մատնել են անտարբերության, ինչի հետևանքով Ռադիկի մոտ հիվանդությունը խորացել է: «Նրանք իրենց եզրակացության մեջ գրել են՝ մահվան պատճառը՝ սիրտ-թոքային անբավարարություն և միոկարդիդ: Բայց չեն ասել, թե ո՞ր փուլում է առաջացել, ինչի՞ց է առաջացել դա: Ես համարում եմ, որ այդ փորձաքննությունը թերի է եղել, նաև ես համարում եմ, որ սանչաստի բժիշկը լիարժեք, ճիշտ բուժօգնություն չի ցուցաբերել, ինչի հետևանքով տղաս մահացել է», —մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր մայրը:
Որդեկորույս մոր 2,5 տարվա համառումները որևէ արդյունք չեն տվել՝ մեղադրյալ այդպես էլ չհայտնվեց և միայն վերջերս Քննչական կոմիտեի առաջին կայազորային քննչական բաժնի քննիչը Կարինե Վարդանյանին է հանձնել քրեական գործը և ասել, որ գործով բոլոր հանգամանքներն ուսումնասիրել են, չկա հանցակազմ, հետևաբար պատրաստվում են կարճել քրեական գործը։
«Երկու օր ժամանակ տվեցին, ասացին՝ կամ կարճում ենք, կամ կարող եք բողոքարկել», -Forrights.am-ին ասում է Կարինեն։
Ի՞նչ նոր հանգամանքներ են պարզվել
Քրեական գործի նյութերի հետ Կարինե Վարդանյանին տվել են դիահերձարանում դատաբժշկի արած լուսանկարները, որոնցից երևում են՝ Ռադիկ Թաթոսյանի մարմնին կան բռնության հետքեր։
«Տղայիս մարմնի վրա կան հանցագործության հետքեր, մասնավորապես, ձախ կողմի ուսի հատվածում կան դանակի հետքեր, վզի հատվածում կապտուկներ, աջ ձեռքի մատերը սևացած, կծկված։ Դրանք բռնության հետքեր են, որդուս ծեծել են, և ես այդ մասին նոր եմ իմանում», -ասում է Կարինե Վարդանյանը։
Այս գործի քննության ընթացքում երկու քննիչ է փոխվել և որևէ մեկը բռնության հանգամանքը քննության առարկա չի դարձրել։ «Առաջին քննիչը ասում էր՝ ինչ կա քննել է, էս երկրորդ քննիչն էլ ասում ա՝ ես նկար չեմ տեսել, նկար չկա։ Ու դա էն դեպքում, որ քրեական գործի նյութերի հետ ինձ նկարներ էլ են ուղարկել», -նշում է Կարինե Վարդանյանը։
Դատական բժշկության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի մարզային բաժանմունքի դատաբժիշկ Արտաշես Խաչատրյանն է եղել Ռադիկ Թաթոսյանի փորձաքննություն իրականացրած դատաբժիշկը։ Վերջինի տված եզրակացության համաձայն, Թաթոսյանի մահը վրա է հասել սուր սիրտ-թոքային անբավարարությունից։ Հատկանշական է, որ Ռադիկ Թաթոսյանը «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, Քովիդ 19» ախտորոշմամբ հունվարի 12-ին ընդունվել է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն և նույն օրը գրանցվել է 19-ամյա զինծառայողի մահը, սակայն Ռադիկի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվել է Գեղարքունիքի մարզում։
Անկախ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը զինվորական գործերով փորձաքննությունների ուսումնասիրության մեծ փորձ ունի, ասում է՝ Ռադիկ Թաթոսյանի դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարվել են «մի շարք աղաղակող խախտումներ»։
Նախ նա առաջին անգամն է հանդիպում իրավիճակի, երբ փորձաքննությունն իրականացվել է ոչ թե ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի (Մխիթար Հերացու փողոց) մասնագետների կողմից, այլ Գեղարքունիքի մարզում։ «Սա եզակի դեպք է, երբ դիահերձումը կատարվել է Գեղարքունիքի մարզի դատաբժշկական կենտրոնում։ Նույնիսկ չի էլ նշվում, թե որտեղ է գտնվում այդ դատաբժշկական կենտրոնը։ Հայտնի է, որ կենտրոնի տնօրենը Արտաշես Խաչատրյանն է, որն էլ կատարել է դիահերձումը։ Նա, ըստ օրենքի, պարտավոր էր զինվորի դիահերձումը կատարելուց առաջ նրան լուսանկարել հագուստներով, այնուհետև մերկ վիճակում՝ առջևից և թիկունքից, ինչը սակայն չի արել», -Forrights.am-ին ասում է Ռուբեն Մարտիրոսյանը։
Բացի այդ, դիակի ուսումնասիրությունն իրականացվել է առանց զոհված զինծառայողի հարազատների կամ ներկայացուցչի, արդյունքում փորձագետի եզրակացության այն հատվածը, որը պահանջում է լրացնել ներկա գտնված անձանց անունները, դատարկ է։
Դատաբժշկական փորձաքննության մեջ նշվում է Ռադիկի դիակի վրա քերծվածքների, այրվածքների մասին, սակայն, ըստ Մարտիրոսյանի, չի նշվում՝ ինչ պատճառով են դրանք առաջացել տղայի մարմնի վրա։
Մարտիրոսյանը ուսումնասիրելով գործի նյութերը, պնդում է՝ այս գործով ԼՂՀ-ում կատարվել է դիակի թերի արտաքին զննություն, որի ընթացքում զինվորին լուսանկարել են ոչ թե միանգամայն մերկ, այլ տաբատով, պառկած վիճակում։ Թիկունքից նկար չկա։
«Պառկած վիճակում արված լուսանկարում երևում է, որ նրա ձախ ուսահոդի կողային մասում կան անհասկանալի ծագման վնասվածնքեր գծերի տեսքով՝ վերևից ներքև, շուրջ վեց հատ», -նշում է փորձագետը։
Այդուհանդերձ, չկա նաև շատ կարևոր հարցի պատասխան՝ ինչու է զինծառայողը ծայրահեղ ուշ տեղափոխվել բուժկետ։ «Անհասկանալի է, եթե զինվորը տառապում էր քովիդով, ինչպե՞ս ստացվեց, որ նա միայն մահից ժամեր առաջ է տեղափոխվել բուժկետ և ինչու ժամանակին օգնություն ցույց չի տրվել նրան», -հարց է բարձրացնում փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
Փորձագետը պնդում է՝ Ռադիկ Թաթոսյանի մարմնի վրա կան բռնության հետքեր, ինչը նախաքննական մարմինը քննության չի առել, հետևաբար 19-ամյա զինծառայողի մահը հնարավոր է բռնության հետևանք եղած լինի։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանը, որն աջակցում է Ռադիկի ծնողներին, պատրաստվում է բողոքարկել գործը կարճելու մասին քննիչի որոշումը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: