ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել իր մասնագիտական պարտքը կատարելու կապակցությամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ «Նա դա համարում է բռնություն, բայց թույլ տվեք ասել, որ նրան ծեծի են ենթարկել իր մասնագիտական պարտքը կատարելու համար», -հավելել է Զոհրաբյանը։
Նկատենք, որ սա այս տարի փաստաբանների նկատմամբ բռնության առաջին դեպքը չէ․ այս տարվա փետրվարին Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժանմունքում բռնության էին ենթարկվել նաև փաստաբաններ Էմմանուել Անանյանը ու Մարզպետ Ավագյանը։
«Որպեսզի պատկերացնենք ստեղծված իրավիճակը, մտովի մտնենք ոստիկանության բաժանմունքի այդ սենյակ, որտեղ փաստաբանի վստահորդը ձեռնաշղթաներով է, ձեռքերը մեջքին, որովայնի վրա պառկած գետնին։ Դուռը բացեց տեսավ այդ միջավայրը, որտեղ գազազած ոստիկաններ են, ծեծի իրավիճակ է, ի՞նչ պետք է աներ փաստաբան պարոն Ալավերդյանը։ Կարող էր չտեսնելու տալ, դուրս գար սենյակից, հետո հետ գար ու իր ծեծված վստահորդին իրավական օգնություն ցույց տար։ Բայց պարոն Ալավերդյանը մտել է ներս ու փորձել է իր վստահորդին իրավական օգնություն ցույց տաl, միջամտել է արդյունքում իրեն են ծեծել։ Ծեծել են փաստաբանին, խուզարկել են, որը օրենքով արգելված է, ձեռնաշղթա են կիրառել նրա նկատմամբ ու արցունքաբեր գազ, ընդ որում՝ ձեռնաշղթա հագցնելուց հետո։ Պատկերացրեք լկտիության աստիճանը», -ասուլիսում իրավիճակը ներկայացրել է Զոհրաբյանը։ Նա նկատեց, որ փաստաբան Կարեն Անդրեասյանը նախկինում քննիչ է եղել և նման բան դաժանությամբ ծեծի դեպք չի հիշում։
Ոստիկանների աշխատասենյակում նաև պարեկներ են եղել, որոնց համազգեստի վրա, ըստ Զոհրաբյանի, տեսախցիկներ չեն եղել և երբ Ալավերդյանը հարցրել է՝ ինչու չեն նկարահանում, պատասխանել են, թե լիցքավորում չունի։
Հատկանշական է, որ փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ նրան մեղադրելով խուլիգանական գործողություն կատարելու համար։ Արա Զոհրաբյանը հարց ունի․ «Ի՞նչն էր խանգարում մի հատ տեսախցիկ միացնեիք, նկարեիք փաստաբանի խուլիգանությունը, էսօր մտցնեիք մեր աչքը։ Պատկերացնո՞ւմ եք փաստաբանը գնացել է, ոստիկանությունում խմբակային խուլիգանություն է կատարում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաբանի հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը։
Արա Զոհրաբյանի խոսքով, եթե նախորդ դեպքի պարագայում օպերլիազորները ազատվել էին աշխատանքից, ապա այս անգամ պահանջելու են խիստ պատիժ։ «Սա շատ վախենալու արարք է։ Պատկերացրեք՝ եթե այս դեպքը ազդեցություն ունենա, մյուս անգամ փաստաբանը նման բանը չտեսնելու կտա։ Սա կուլ չենք տալու այս դեպքը», -ընդգծել է Արա Զոհրաբյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: