Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հունիսի 11-ին դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։ Այդ մասին տեղեկացրել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Բնականաբար, ձեռնպահ մնալով քննչական գործողության մանրամասները հրապարակելուց, հարկ եմ համարում արձանագրել, որ իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն, որոշակի առևերևույթ հակասության մեջ են գտնվում քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հետ։

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ եթե այս գործով պետք է պատասխան տան «Սլաքավարները», իսկ հիմնական պատասխանատուները խուսափեն պատժից, մենք գործ կունենանք հերթական ներկայացման հետ, որը հերթական անգամ կջարդի մեր ժողովրդին բարոյապես ու հոգեպես։ Այս գործում պատասխանատուների շղթան ավելի մեծ է, ուստի բոլորը պետք է իրենց չափով պատասխան տան իրենց արարքների համար։

Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խորը անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, չենք բացառում նաև, որ հրդեհն իրականում արվել է՝ ինչ-որ հետքեր թաքցնելու վերացնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հանրության ուշադրությունը շեղելը իրական հանցագործության հետքից։

Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու մինչև վերջ՝ այս մեծագույն հանցագործության իրական հանգամանքները բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», -հայտարարել է Նորիկյանը:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 4-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:

Քրեական վարույթի շրջանակներում կա 5 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest