Հունիսի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին, տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա ասել է, որ տեղի է ունեցել առանձնացրույց գերեվարված զինծառայողների հետ, ինչպես նաև նամակների միջոցով հաստատվել է կապը ընտանիքների հետ։

Հիշեցնենք՝  մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր, իսկ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել էր  ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:  Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

Մայիսի 28-ին Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ։ «Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», — հայտնել էին իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել՝ Ադրբեջանից պահանջելով մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝

– Արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:

– Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest