Հունիսի 3-ին Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթուղային գծանցը հատելիս գնացքի տակ է ընկել և մահացել է քաղաքի բնակիչ Ժորա Պետրոսյանը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերով։ Մահացածը ընդամենը 31 տարեկան էր։

Սայաթ-Նովա փողոցը Թումանյան փողոցին կապող անցման հատվածը մահաբեր, չարաբաստիկ տեղ է դարձել քաղաքի համար։ Ալավերդու բնակիչներն այն անվանում են Լաչինի միջանցք։ Գրեթե ամեն տարի այստեղ մարդ է ընկնում գնացքի տակ։

Անցյալ տարի էլ մայիսի 4-ին միջանցքի զոհն էր Կաճաճկուտ բնակավայրի 33-ամյա բնակչուհի Նելլի Գալստյանը։ Նա նույնպես տեղում մահացել էր։ Վթարի ենթարկվածներից մեկն էլ Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրահամովան է եղել։

Բնակիչները պատմում են, որ դեպք է եղել, երբ գնացքն անցնելով մարդու վրայով, երկու կես է արել նրան։

Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը հաշվել է՝ տասնյակից ավելի մարդիկ են զոհվել մահաբեր այդ միջանցքում, այդ թվում՝ իր դասարանցին։ Սակայն ոչ քաղաքային իշխանությունները, ոչ «Հարավկովկասյան երկաթուղի» ռուսական ընկերության ղեկավարությունը  չեն ցանկանում վերացնել վթարային իրավիճակը։ Գծանցով երթևեկելը արգելված լինելու մասին նշաններ չկան տեղադրված։

Բանն այն է, որ ժամանակին այստեղ «Հարավկովկասյան երկաթուղու» արգելափակոցն էր տեղադրված՝ «շլագբաումը»։ Երկու աշխատողներ հերթափոխով հսկում էին գծով անվտանգ երթևեկությունը, գնացքների շարժը, հետևում էին, որ գնացքի շչակը հնչելուց հետո գծերին հետիոտներ չլինեն։ Հետագայում սակայն ռուսական ընկերության ղեկավարությունը որոշեց գումար տնտեսել, և կրճատեց այս աշխատողների հաստիքները։ Ուղեփակոցը ապամոնտաժվեց, և գնացքի գիծը մնաց բաց։

Ալավերդու համայնքապետարանը ստեղծված վթարային իրավիճակը վերացնելու համար գծանցը պատնեշող պատ է կառուցել։ «Այդ պատն ավելի լուրջ վտանգ ստեղծեց, քանի որ մարդը, հայտնվելով պատի ու գնացքի արանքում, փախչելու տեղ չունի։ Ալավերդու համայնքապետարանի և գնացքը շահագործող «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից երկաթգծի վրա կառուցված է հետիոտնի համար նախատեսված վերգետնյա կամուրջ, բայց այնտեղ բարձրանում ես աստիճաններով, որոնք շատ անհարմար են, թեք են, կտրուկ թեքություններով, դրանցով գնալ-գալը շատ բարդ է, և մարդիկ հաճախ վայր են ընկնում այդ աստիճաններից՝ նախընտրելով գնացքի գծերով գնալ-գալը։ Դա անչափ բանուկ հատված է, պետական հիմնարկներն ու բնակելի հատվածն իրար կապող։ Օրական մի 1000 մարդ անցնում է այդ տեղով», — ասում է Ալավերդու հեռուստաընկերության տնօրենը։

Նա առաջարկում է քանդել պատը, կամ մյուս կողմից էլ ցանկապատ կառուցել այնպես, որ անհնար լինի անցնել գծերի վրայով։ «Այս պատը վերածվել է մարդկանց թակարդի, այն անխուսափելի մահեր է բերում ու բերելու է։ Լավագույն լուծումը կլիներ այն, որ վերականգնվեր ուղեփակոցը, որ «Երկաթուղին» այդտեղ երկու հոգու աշխատավարձ տար ու վերջ՝ հարցը կլուծվեր», -նշում է Պապինյանը

Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքային իշխանությունը ունի վթարային իրավիճակը այդ հատվածում վեծրագիր, թե ինչպես վերացնել վթարային իրավիճակը այդ հատվածում վերացնելու և քաղաքացիների անվտանգությունը ապահովելու ծրագիր։ Ի պատասխան, նա ասում է՝ ինչ հնարավոր էր, համայնքի կողմից արվել է։ «Այնտեղ  փակ է, այդ պատից այն կողմ  որևեիցե մեկը չի կարող անցնել, փակ է։ Մյուս կողմից էլ է փակ», — պնդում է քաղաքապետը։

Այդ դեպքում ինչպե՞ս է երիտասարդը մտել այնտեղ։

-Չեմ կարող ասել։

Վերգետնյա կամրջի աստիճանները անհարմար են, մարդիկ նախընտրում են գծերի վրայով գնալ։

— Եթե բոլորի համար հարմար է, մի քանի մարդու համար՝ անհարմար, ես ի՞նչ  կարող եմ ասել։ Դա է այս պահի մեր հնարավորությունը։ Դա երկար տարիներ առաջ կառուցված կառույց է։ Մարդիկ օգտվում են։ Բարձր է, բայց դա է այս պահին մեր հնարավորությունը։

Հնարավոր չէ՞ խոսել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, որ այդ տեղում փոփոխություններ կատարվեն։

-Նախ՝ առաջինը, ես չեմ պատկերացնում, թե էդ մարդիկ ինչու են այդտեղ եղել, գիշերն է եղել միջադեպը։ Երկրորդն էլ՝ այդ նույնը կարող էր երկաթգծի մեկ այլ հատվածում լինել։ Ամեն դեպքում պետք է զգույշ լինել։

Փաստորեն, Ալավերդու կենտրոնով անցնող երկաթգծով երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության սպառնալիքները,  մարդկային զոհերը ոչ քաղաքային իշխանությանն են հուզում, ոչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությանը։

 

Սյուզան Սիմոնյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest