Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղը մարզկենտրոն Կապան քաղաքից 12 կմ հեռավորության վրա է, ծովի մակարդակից բարձր է շուրջ 1600 մետր։ Համայնքների խոշորացման արդյունքում Կաղնուտը ընդգրկվել է Կապան համայնքի կազմում։ Այս գյուղ հասնելը մեծ տանջանք է՝ ճանապարհները փոսառատ են, հողային։ Բնակիչները երազում են ասֆալտապատ ճանապարհ ունենալու մասին։ «Էն ճանապարհով եկել եք, դա ճանապա՞րհ էր։ Այ սովետի աշխատանքը դա էր, որ ասֆալտ լիներ։ Հիմա փոսերը շատ են, լցնող չկա», -ասում է 77-ամյա Գրիշա Թամրազյանը։ Նա «Սովետի ժամանակ» գյուղի «կոլխոզի նախագահն» էր ու երանությամբ է հիշում իր կառավարման տարիները․ «100 լիտր կաթի համար ինչքան էլ ձյուն դրած լիներ, զանգեինք, սամալյոտով կգային, կհասնեին գյուղ, հիմա եթե 100 մարդ ստեղ մահանա, ճանապարհը բացող չկա։ Վատից վատ ա, ոչ թե լավ չի»։
Հարցին՝ չեն դիմե՞լ վարչապետին, արձագանքում է․ «Վարչապետը եթե մեր գյուղի տեղն իմանա, մենք շատ գոհ կլինենք, -ու անմիջապես հավելում,- Վարչապետը պարտավոր ա իմանա, թե սահմանի վրա՝ Կաղնուտը, Դավիթ Բեկը, Արծվանիկն ու մյուս գյուղերն ի՞նչ վիճակում են»։
Իսկ վիճակը, գյուղացիների պնդմամբ, լավ չէ։ Սյունիքի բարձունքներում ծվարած այս գյուղում հաշվառված է 120 բնակիչ, սակայն նրանցից մշտական ապրում է շուրջ 30 մարդ։ Մնացածը տեղափոխվել են Կապան, վարձակալել բնակարաններ, գուցե գտել աշխատանք, իսկ գյուղ այցելում են ամառային ամիսներին։
«Գյուղի ամենաջահելը ես եմ», -ժպտում է Կաղնուտի գյուղապետ 53-ամյա Արթուր Հովհաննիսյանը ու հավելում․ «Ձմեռը մի քսան հոգի ա ապրում, իսկ գարուն-ամառը շատանում են, գալիս են իրանց տարածքները մշակում, ցրտերն ընկնում ա, գնում են»։
Արցախյան առաջին պատերազմից հետո գյուղի դպրոցը փակվել է, և մինչև հիմա փակ է։ Դպրոցահասակ երեխաներ էլ չկան գյուղում, ընտանիքների հետ տեղափոխվել են քաղաք՝ Կապան։
Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով կորուստներ չունեն, ի տարբերություն հարևան Ուժանիսի, գյուղից տարածք չի օկուպացվել, գյուղի ուղղությամբ հարված եղել է, բայց կորուստներ չեն ունեցել։
«44-օրյայից հետո նրանք, ովքեր ապրում էին գյուղում, մնացել են գյուղում, ոչ մեկ գյուղից դուրս չի գնացել», -հպարտանում է գյուղի վարչական ղեկավարը։
Ինչո՞վ են զբաղվում հարցին, 77-ամյա Գրիշա Թամրազյանն արձագանքում է․ «Օր մթնեցնելով»։ Բայց տարվա տաք ժամանակահատվածում զբաղմունք ունեն՝ այգեգործություն, դաշտավարություն։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ/ICRC) այս գյուղում ևս մելիորացիայի ծրագիր է իրականացնում․ 10 հեկտար տարածքում հացահատիկ են ցանել։ «Սպասում ենք, որ օգուտներ կստանանք», -հույս ունի գյուղի ղեկավարը։
Բացի այդ, գյուղի ութ տարբեր գյուղատնտեսական տեխնիկաների համար տրամադրել են անվադողեր՝ ընդհանուր 26 հատ։ «Ծրագրի արդյունքում համայնքի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ տեխնիկաները՝ կոմբայն, բեռնատար, տրակտոր, ապահովել են անվադողերով», -ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը։
ԿԽՄԿ-ի մյուս ծրագրով գյուղի բնակչությանը հնարավորություն են տվել ներկայացնել գործունեության փոքրիկ ծրագրեր, ստանալ դրամաշնորհ։ Արդյունքում Կաղնուտից ընտրվել են չորս տնային տնտեսություններ, որոնց ծրագրերի իրականացման համար հատկացվել են միկրոդրամաշնորհներ։ Ծրագրերը վերաբերել են մեղվաբուծությանը, ճագարաբուծությանը, գյուղի միակ խանութի զարգացմանը և զոդողի գործունեության ընդլայնմանը։
67-ամյա Սեյրան Հայրապետյանը երկար տարիներ աշխատել է Կապանում, այնուհետև՝ Քաջարանի կոմբինատում՝ որպես եռակցող։ Թոշակի անցնելուց հետո որոշել է մնալ գյուղում ու զբաղվել իր արհեստով։ ԿԽՄԿ-ին ներկայացրել է ծրագիր, ստացել փոքրիկ դրամաշնորհ ու դրանով գնել իր գործունեության համար անհրաժեշտ սարքավորումները։ «Ես իմ արհեստը շատ եմ սիրում, ծրագիր ներկայացրի, ու բախտս բերեց․ ինչ գործիքներ ուզում էի, գնացի առա։ Հիմա ով ինչ խնդիր մեքենայի կամ տեխնիկայի հետ ունենում է, գնում օգնում եմ։ Աշխատում եմ էլի», -ասում է Սեյրան Հայրապետյանը։
60-ամյա Սպարտակ Ասատրյանը 20 տարի մեղվաբուծությամբ է զբաղվում։ Վերջին տարիներին, ասում է, գործերը լավ չէին՝ մեղվափեթակները հին են եղել, մեղուն չի ապրել։ ԿԽՄԿ-ի աջակցության ծրագրով 20 մեղվափեթակ է գնել, այգու փոքրիկ տարածքում պահում է սիրելի մեղուներին։
«Մի հետաքրքիր բան ասեմ՝ մեղու պահելը փոխում ա մարդուն, մարդու բնավորությունը, դարձնում բարի։ Ես չէի պատկերացնում ինձ առանց էս մեղուների», — նշում է Սպարտակ Ասատրյանը։
Ճանապարհների վատ վիճակի, ոռոգման ու խմելու ջրի բացակայության, անվտանգային մարտահրավերների կողքին գյուղի տարեցները մի լավ բան նկատել են․ «Փառք Աստծո, քաղաքապետը, իրոք, լավ գործ արել ա՝ գյուղում լուսավորություն են անցկացրել, շատ գոհ ենք, լույսերը գիշերները շատ ենք վառում, որ թուրքն իմանա՝ստեղ բնակչություն կա»։
Սյունիքի մարզից նախորդ հրապարակումը- «Ամեն օր վախով ենք ապրում՝ մտածելով, որ թուրքը կմտնի գյուղը, եղած ժողովրդին էլ կոտորի գնա»․ Ուժանիսում կյանքն ինչպես որ կա
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: