Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ, մայիսի 26-ին հայ զինծառայողների հետ կատարվածը հարձակում էր ու առևանգում։
«Քաղաքացիական և զինվորական անձանց նկատմամբ հարձակումները և նրանց առևանգումները ադրբեջանական ռազմական քաղաքականության անբաժանելի մասն են կազմում։ Դա հակահայկականության և հայերի նկատմամբ դրսևորում է։ Քանի դեռ այս քաղաքականությունը չի վերանայվել, նման դրվագները կրելու են շարունակական բնույթ», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Սահակյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր, իսկ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։
Ավելի վաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ իբրև թե հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: Ավելի ուշ հայկական կողմը հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ դա բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է։
Ադրբեջանական կողմում հայտնված տղաները ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանն են և Կարեն Աշոտի Ղազարյանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով, այս միջադեպը առանձնահատուկ է նրանով, որ ադրբեջանական կողմը փորձում է հավասարակշռել ամիսներ առաջ Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների դեպքը, երբ նրանցից մեկը Հայաստանի տարածքում սպանություն էր գործել։
«Նրանք հայ զինծառայողների հետ կատարված դեպքը դիվերսիա որակելով, փորձում են արհեստական հավասարակշռություն ստեղծել, քանի որ երկու ադրբեջանցի զինծառայողներ ներթափանցել էին Հայաստան և դիվերսիոն գործողություններ էին կատարել՝ դա զուգակցելով բռնությամբ։ Այս գործողություններին հայկական կողմը տվել է իրավական գնահատական։ Նրանք հայելային պատկեր են ստեղծել, այս պարագայում ուժի գործադրմամբ երկու հայ զինծառայողի առևանգելու և ադրբեջանական վերահսկողության ներքո բերելու միջոցով։ Նաև վստահ եմ, այս գործոնը օգտագործել են, որ ադրբեջանցի դիվերսանտները՝ այդ հանցագործները, փոխանակվեն հենց այս երկու զինծառայողների հետ՝ դրանով երկրորդելով ռազմագերիների վերադարձի խնդիրը», -նշում է Սիրանուշ Սահակյանը։
Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը շահագրգռված էր Հայաստան ներթափանցած այդ երկու անձնաց ստանալու հարցով․
«Նրանք միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի գործակալներ են, և գործողությունները վերագրվում են Ադրբեջանին և որևէ կերպ մարդասիրական իրավունքի շրջանակում գործողություններ չեն կատարել։ Նրանք գործարքի գնալով պետք է ազատ արձակեին որոշակի թվով զինծառայողների։ Հիմա հայ զինծառայողներ առևանգելով և նրանց համանման մեղադրանք առաջադրելով փորձելու են այս երկու միջադեպերի նույնություն ստեղծել, դնել հավասարության նշան, և փոխանակումը իրականացնել հենց այդ զինծառայողների շրջանակում՝ անորոշ ժամանակով հետաձգելով ռազմագերիների վերադարձի խնդիրը»։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե հայկական կողմն ունի բավարար ապացույցներ հերքելու Ադրբեջանի տեղեկությունները դիվերսիայի մասին, և պատրաստակամություն էր հայտնել այդ ապացույցները ներկայացնել միջազգային գործընկերներին:
Այսօր Հայաստանի իրավական հարցերով միջազգային ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին, որ մայիսի 28-ին արդեն դիմել են ՄԻԵԴ։ «Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», — հայտնել էին իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Հայ ռազմագերիների ներկայացուցիչն ասում է՝ ՄԻԵԴ դիմելու և համոզիչ փաստարկներ ներկայացնելու հետևանքով Ադրբեջանը կարող է վերանայել իր մոտեցումը՝ հետագայում իր պաշտպանությունը կազմակերպելու նպատակով։
Մինչ այդ, ըստ նրա, պատերազմի հետևանքով հայ ռազմագերիների հարցով Եվրոպական դատարանի որոշումները «ինտենսիվ» քաղաքական քննարկումների ու նաև ճնշումների առիթ են հանդիսացել։ «Իհարկե, ամբողջովին վերջնաարդյունքը մեզ չի գոհացնում, որովհետև ակտերը լիովին կատարված չեն։ Բայց այն, որ Ադրբեջանը հայտնվել է քաղաքական պրոցեսներում, որտեղ տարբեր լծակներով փորձում են հասնել դատական ակտի կատարման, կարծում եմ, էական զարգացում է։ Ամենակարևորը՝ տղաների կյանքն ու անձեռնմխելիությունն է վերցվում հավելյալ պաշտպանության ներքո, որի պարագայում Ադրբեջանը պետք է զսպվածություն ցուցաբերի։ Միջազգային պատասխանատվության սպառնալիքը կառավարելի դաշտ է բերում Ադրբեջանին, և եթե այս մեխանիզմները չլինեին, ատելության պայմաններում մենք ուղղակի կունենայինք մասսայական սպանություններ», -նշում է Սիրանուշ Սահակյանը։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: