ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ ողջունելով այն։

«Գնահատում ենք  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման  ու խաղաղությանը շարունակական հավատարմության վերաբերյալ։ Վերջնական համաձայնությունը  մոտ է, և մենք վճռական ենք մեր ընկերներին օգնելու հասնել դրան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք՝  ՀՀ վարչապետը մայիսի 24-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր․«Ես, այո, հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Արձագանքելով քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, թե Հայաստանն ինչու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում 86 600 քառ կմ տարածքով․ «Առաջինը՝ ճանաչել ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդը՝ վերահաստատումն է Պրահայում Ալմա Աթայի հռչակագրի, երրորդ քայլը տարածքների կոնկրետ նշագրմամբ փոխադարձ ճանաչումն է Բրյուսելում: Հաջորդ քայլը՝ պետք է քարտեզի վրա ցույց տանք, որոշենք՝ որ քարտեզն է, որ արտահայտում է այդ տարածքը: Ընդ որում՝ այստեղ էլ ենք մի քիչ կիսաքայլ արել: Այստեղ մենք վերցնում ենք Խորհրդային Միության քարտեզները: Մեր դիրքորոշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, և պիտի ասեմ, ոնց որ թե հիմա կամաց-կամաց սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային էլի գործընկերներ սկսում են այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest