Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և որոշեց կալանավորել պատերազմում զոհված զինծառայողի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին (Հակոբյան):
«Դատարանը ձերբակալության իրավաչափության վերաբերյալ մեր միջնորդությունը մերժեց և բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը տիկին Գայանեին կալանավորելու մասին», -դատարանից դուրս գալիս հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Զոհված զինծառայող Ժորա Մարտիոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, կալանավորվեց մեկ ամսով: Փաստաբանը վստահեցրեց, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանում բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Փաստաբանի համար տարօրինակ է եղել դատարանի այս որոշումը, քանի որ միջնորդության քննության ընթացքը «չէր կարող հանգեցնել նման որոշման կայացմանը»: «Դատական քննությունը ցույց տվեց, որ միջնորդության կամ կալանավորելու հիմքերը բացակայում էին: Բոլորի համար, նույնիսկ դատավորի համար էր տեսանելի, որ կալանավորելու համար հիմքեր չեն կարող լինել», հստակեցրեց փաստաբանը:
Հիշեցնենք Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար: Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկության համաձայն, ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ու պատմել, որ մայիսի 17-ին փողոցում, Վերաքննիչ դատարանի դիմաց իրեն են մոտեցել զոհված զինծառայողների ծնողներ: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։
«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:
Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք», -նշվում էր մայիսի 17-ին երեկոյան ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները «Որդիների կանչ» ՀԿ-ի գրեասենյակից նախ բերման էին ենթարկել Գայանե Մարտիրոսյանին, այնուհետև ձերբակալել նրան: Գայանե Մարտիրոսյանը ՁՊՎ-ում գտնվելու ժամանակ հայտարարել էր հացադուլ:
Փաստաբանն ասաց, որ Գայանե Մարտիրոսյանը դատարանում էր: Իսկ ինչ վերաբերում է հացադուլին, ապա ըստ փաստաբանի, տիկին Գայանեն շարունակում է հացադուլը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: