«Իմ տղան զոհվել է հանուն իր ընկերների… զոհվել հանուն հայրենիքի, զոհվել հանուն ընկերոջ` դա ամեն մարդու գաղափարի բանը չէ»: Գայանե Հակոբյանի խոսքերն են, ում որդին` Ժորա Մարտիրոսյանը զոհվել է 44-օրյա պատերազմում:

«Այդ պահից տագնապ մտավ մեջս, ու լուսադեմին դեպքը եղել է»

Մարտիրոսյանը ծնվել էր 2001 թվականի հունիսի 10-ին Երեւանում։ 15 տարեկան էր, երբ ընտանիքը որոշել էր տեղափոխվել ՌԴ։ Սակայն 18 տարին չլրացած Ժորան ծնողներին հայտնել էր, որ պետք է վերադառնա Հայաստան` ծառայելու  հայկական բանակում։

Ժորան նախ ծառայել էր Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ 6 ամիս անց տեղափոխվել Սանասար՝ Կուբաթլու:

«Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ինքը տանկիստ էր ու որպես լավագույններից մեկը՝ մասնակցում էր ՌԴ-ում  ընթացող տանկային բիատլոնին։ Իրենք եկել են պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։ Տղաներն էլի պետք է մնային, բայց քանի որ պատերազմ էր, իրենց ընկերներից շատերին կորցրել էին, չէին համբերում, թե երբ պետք է վերադառնային։ Եկան Հայաստան ու օդանավակայանից միանգամից գնացին Սանասար՝ իրենց զորամաս»,- պատմում է մայրը: Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ի երեկոյան.

«Խոսեցինք, բայց  մեր զրույցից 5 րոպե հետո նորից զանգեց, ինչը երբեք չէր անում, երևի մտքով անցնում էր, որ պետք է․․․ Զանգեց, ասաց՝ մամ ջան, քեզ լավ նայիր, ինչ էլ որ լինի՝ դուխդ չգցես․․․ Այդ պահից տագնապ մտավ մեջս, ու լուսադեմին դեպքը եղել է»։

«Ինքը եղել է պատերամզի մեջ, երբ եկել է հերթափոխի ժամանակը, Ժորիս շատ մոտիկ ընկերներից մեկը՝ Սարգիսը, որն ունի ընդամենը մի մամա, ուրիշ ոչ մի բան, թաք երեխա է եղել, ու  մայրն էլ հիվանդ էր, ինչի մասին բոլորն իմացել են․ Ժորս տեսել է, որ Սարգիսին ուզում են դիրք բարձրացնեն, ասել է՝ ես չեմ հանգստանում, նորից քո հետ դիրք եմ բարձրանում։ Բոլորով իրար հետ՝ Ժորս, Սարգիսը, իրենց երրորդ ընկերը՝ Միսակը ու եւս 3 զինվոր միասին զոհվել են Իշխանաձորի հատվածում»։

Մարտիրոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության» մեդալներով։

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest