«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանին (Հակոբյան) կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։
Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կեսօրից մեկնարկած նիստն էր ընթանում, Մարիտրոսյանին ազատ արձակելու պահանջով դատարանի շենքի դիմաց մեծ թվով մարդիկ էին հավաքվել։ Ոստիկանության մեծաթիվ ծառայողներ երկաթյա պատնեշով պաշտպանում էին դատարանի շենքը։ Դատական նիստից հետո մի պահ լարված իրավիճակ ստեղծվեց Արշակունյաց պողոտայում․ հավաքի մասնակիցները փակեցին Արշակունյաց պողոտան, մի քաղաքացի էլ բերման ենթարկվեց ոստիկանության բաժին։
«Նիստն իսկապես շատ ծավալուն էր և հագեցած, դատարանն էլ հայտնեց, որ պատրաստվում է հրապարակել որոշումն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը, իսկ դա ժամանակատար է։ Այս պայմաններում, զուտ իրավաբանորեն, դատարանի նկատառումներն ընկալելի են։ Սակայն ավելի բարձր արժեքների առումով իհարկե ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ անցկացնի ևս մեկ օր, այն էլ՝ հացադուլի պայմաններում, ուստի որպես բողոքի նշան՝ քաղաքացիները փակի տակ են պահում Արշակունյաց պողոտան», -ներկայացրել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի ուշ զինծառայողների ծնողները բացեցին պողոտան, իսկ քաղաքացու ձերբակալությունը բացատրվեց նրանով, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին և այդ պատճառով էլ բերման է ենթարկվել։
Գայանե Մարտիրոսյանի մյուս փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասում է՝ դատարանում որպես փաստական հանգամանք ներկայացվել է Աշոտ Փաշինյանի ցուցմունքը և հաղորդումը, ինչպես նաև տեսագրությունները՝ մինչև ավտոմեքենա մտնելու և ավտոմեքենայից դուրս գալու մասին։ «Մեքենայում տեղի ունեցածի մասին որևէ բան հայտնի չէ, մինչդեռ տիկին Մարտիրոսյանին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Տեսագրությունները այսպես կոչված առերևույթ հանցանքի մասին որևէ բան չեն պարունակում, ապացուցողական որևէ նշանակություն ունեցող հանգամանք չկա, միայն Փաշինյանի ցուցմունքն է», -ներկայացնում է փաստաբանը։
Ինչ վերաբերում է Գայանե Մարտիրոսյանի և Աշոտ Փաշինյանի՝ երեկ ուշ գիշեր տեղի ունեցած առերեսմանը, փաստաբանն ասում է՝ երկու կողմն էլ պնդել է իրենց նախկին ցուցմունքները։ Վերլուծելով առերեսման ընթացքը, փաստաբանը նշում է, որ Փաշինյանը ներկայացել է «բավական պատրաստված»․ «Կոնկրետ օրինակ բերեմ՝ երբ պաշտպանական կողմը հարց տվեց, թե մինչև «Ծերեթելիի» «Երևան սիթի» հասնելը, չկային արդյոք այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց, թե ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել։ Այ էդպես պատրաստված էր եկել առերեսման»։
Վարույթն իրականացնող մարմինը Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացնելիս նախապես ներկայացրել էր կալանքի 3 հիմնավորում՝ Գայանե Մարտիրոսյանը կարող է ճնշում գործադրել կամ ունենալ ազդեցություն վկաների վրա, կատարել նոր հանցանք և դիմել փախուստի։ Սակայն քննության ընթացքում քննիչները հրաժարվել են հիմնավորումից, թե Գայանե Մարտիրոսյանը կարող է դիմել փախոսիտ։ «Իմ պրակտիկայում աննախադեպ երևույթ էր, երբ միջնորդություն ներկայացնող անձը միջնորդության քննության ընթացքում հիմքերից մեկից հրաժարվում է։ Ողջունելի երևույթ է», -ասում է փաստաբանը։
Մյուս փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ պաշտպանական կողմը դատարանին խնդրել է դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։ Նրա խոսքով, դատարանը կարող է որպես խափանման միջոց դիտարկել տնային կալանքը՝ պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր, վարչական հսկողությունը, գրավ և երաշխավորություն։ Պաշտպանական կողմը նշել էր, որ տիկին Գայանեն չի կարող օր անցկացնել առանց որդու գերեզմանին այցելության, հետևաբար նրան կալանքի տակ պահելը ընդունելի չէ։
Մեղադրանքը տիկին Գայանեին, հիշեցնենք, առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 191 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «մարդուն առևանգումը»։ Փաստաբանի խոսքով, այս հանցակազմի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ՝ 4-8 տարի ազատազրկմամբ։
Զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը վատ է զգում, երբ ասում են՝ Գայանեն առևանգել է Աշոտ Փաշինյանին․ «Էդ առևանգում բառը որ ես լսում եմ, իրականում շատ վատ եմ զգում։ Էդ տղային առաջարկել են, որ նստի մեքենան, վիդեոյում տեսնում եք, որ ինքը հանգիստ քայլելով գնում, նստում ա մեքենան։ Խոսում են, մի քանի հարց ա տալիս, հետո Գայանեն ասում ա՝ գնում ենք Եռաբլուր, տղայիս շիրիմի քարին պետք ա նայես, մի քանի հարց տամ հարցիս պատասխանես։ Թե ինչ հարց պետք ա տար, չգիտեմ։ Հասնում են «Սիթիի» մոտ ու ինքն իրան դուրս ա շպրտում մեքենայից։ Ի՞նչ ա նշանակում առևանգում, ըտեղ որտե՞ղ եք տեսնում առևանգում։ Առևանգում են մարդուն, որի աչքերը փակում են, իրա կամքին հակառակ որևէ տոպրակ են հագցնում գլխին, տանում գցում են մեքենան։ Մարդ եթե իրա ոտքով քայլում, գնում նստում ա մեքենան կնոջ հետ, ո՞նց պետք ա առևանգեին։ Էս գործը շինծու ա, Գայանը անհապաղ պետք ա ազատ արձակվի»։
Գայանե Մարտիրոսյանը երեկվանից հացադուլ է հայտարարել։ Վահան Մարտիրոսյանի խոսքով, դատական նիստի ընթացքում նա երեք անգամ վատ է զգացել և ստիպված են եղել շտապ օգնության ծառայություն կանչել։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: