Բաքվում պահվող հայ գերիների հարազատները Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հույս են հայտնում, որ իրենց որդիները կհայրենադարձվեն։ Հիշեցնենք, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կիրակի երեկոյան անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին՝ Փաշինյան-Ալիև հերթական բանակցություններից հետո։

«Անձամբ ես հայտարարությունը լսել եմ, հույս կապում եմ, որովհետև էնտեղից ռազմագերիներից վերադարձվածների հիմնական մասը հենց Արևմուտքի միջնորդությամբ են եկել»,-ասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերովարված շիրակցի տղաներից մեկի հարազատը՝ Վարազդատ Մանուկյանը։

ՀՀ իշխանությունների տվյալներով ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։ Իրավապաշտպանները 80 անձի գերեվարված լինելու մասին տվյալներ են փոխանցել միջազգային կազմակերպություններին՝ հստակ նկարագրություններով և յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ էլ առանձին ապացույցներով։

Շառլ Միշելն ընդգծել էր, որ կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին «ձերբակալվածներ ազատ կարձակվեն». — «Ես նաև ընդգծեցի այս փոխադարձ ըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը», — ասել էր նա։

Միշելի հայտարարությունից ենթադրվում է, որ Երևանը պետք է վերադարձնի նաև մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի սահմանը հատած, ապա ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայողներին, որոնցից մեկը մեղադրվում է նաև սպանության մեջ։ Գերության մեջ գտնվողներից մեկի հարազատը՝ Վարազդատը, չի կարծում, որ Միշելի հայտարարությունից հետո 33 գերիներին էլ հետ կվերադարձնեն։ «Չեմ կարծում եմ, որ բոլորին հետ կբերեն, բայց վերադարձողներ կլինեն։ Ինձ թվում է, որ կփոխանակվեն Հայաստանում գտնվող երկու ադրբեջանցիների հետ՝ այսինքն, հենց այնպես հետ չեն տա, եթե մարդ տվեցին, այն երկուսին կպահանջեն»,-ասաց նա։

Երկու տարուց ավելի գերության մեջ գտնվողներից մեկի քույրն էլ անանուն մնալու պայմանով նշեց, որ այս երկու ադրբեջանցիներին պետք է վերադարձնել «գոնե հաստատված 33 գերիների դիմաց»,-« Ինձ համար թեկուզ մեկ գերու վերադարձը մեծ հաջողություն է, այլ բան չեմ կարող ասել, բայց եթե ավելի լավ աշխատեն, իրենք պարտավոր են բոլորին վերադարձնել»,-ասաց նա՝ նշելով, որ Միշելի հայտարարությունից հետո հույսով սպասում է եղբոր վերադարձին։

Գերության մեջ գտնվողների հարազատները Շառլ Միշելի հետ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ են Կարմիր Խաչի միջնորդությամբ խոսել նրանց հետ։ Քույրն ասում է՝ վերադարձի մասին խոսակցություններն արգելված են։

«Վերջին անգամ անցած շաբաթ ենք խոսել, տխուր էին, կարոտած էին, իրենք էլ անհամբեր սպասում են։ Վերադարձի մասին բացարձակ չենք խոսում, իրենք վերահսկողության տակ են, խոսում ենք միայն իրենց առողջականից, ընտանիքից»,-ասաց ռազմագերու քույրը։

Երևանում իշխանական շրջանակները տեղեկություններ չունեն, թե երբ կվերսկսվի գերիների վերադարձի գործընթացը։ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշում է, որ մտահոգություններ ունի, որ Ադրբեջանը բոլորին կվերադարձնի։ Նա միաժամանակ չի բացառում, որ Երևանում գտնվող երկու ադրբեջանցիներին, որոնցից մեկը մարդասպան է,  կփոխանակեն հայ ռազմագերիների հետ։

Հիշեցնենք՝ 2014 թվականին Քարվաճառ ներթափանցած և երկու հայի  սպանած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը 44-օրյա պատերազմից հետո վերադարձվեցին Ադրբեջանին․ նրանց դիմաց Ադրբեջանը Հայաստանին 44 ռազմագերի փոխանցեց։ Նշենք, որ բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց կողմերը պարտավորվել էին միմյանց վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչն Ադրբեջանը չի կատարել, ինչպես հայտարարության մյուս կետերը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին է փոխանցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո գերեվարված 17 անձանց:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest