Ապրիլի վերջին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ցուցադրական հանդիպում անցկացրեց Արցախի Ներդրումային հիմնադրամի աշխատողների հետ, որի ընթացքում ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց բանկերում պարտքեր ունեցող արցախցիների հասցեին։

Նա ասաց, որ եթե վերջիններս արագ տեմպերով չվճարեն վարկերը, ապա Ներդրումային հիմնադրամը գումարները կպահանջի դատական կարգով, իսկ նրանցով, ովքեր չեն կատարի դատարանի որոշումները, կզբաղվեն իրավապահները։

«Եթե առանձին սուբյեկտների մասով հնարավոր չլինի հասնել պարտավորությունների կատարման, ապա ամբողջությամբ ուսումնասիրվելու է այդ գումարների նպատակային օգտագործման խնդիրը, եւ հանցագործության մասին վկայող տվյալների հայտնաբերման դեպքում նախապատրաստեք հանցագործությունների մասին հաղորդումներ ու ներկայացրեք իրավապահ մարմիններին»,- ասել է պետնախարար Ներսիսյանն այդ հանդիպման ժամանակ։ Ապա նաև բարոյախրատական դասախոսություն է ունեցել հայրենասիրության մասին, ասելով, որ նրանք, ովքեր չեն վերադարձնում փողերը, չեն մտածում իրենց պետության ու հայրենակիցների մասին։

Այս հանդիպումից հետո Արցախի Ներդրումային  հիմնադրամը սկսել է արագ տեմպերով ծանուցումներ ուղարկել պարտք ունեցող բնակիչներին, զանգել մարդկանց, սպառնալ, որ դատի կտան։

Հիշեցնենք՝ Արցախի ներդրումային հիմնադրամը մի կառույց է, որն իրականացնում է ձեռնարկատիրության զարգացման, հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ծրագրեր։

Դեռևս 44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը հայտարարել էր, որ քաղաքացիների վարկային պարտավորությունները մասնակի կամ լրիվ կմարվեն, որ պետությունը կփոխհատուցի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես եւ սպառողական վարկերն ու փոխառությունները այն բնակիչների համար, որոնք փաստացի բնակվել են Արցախում, կամ տեղահանվել են:

Այս որոշումը, սակայն հետագայում չգործեց։ Արցախի կառավարությունը բառիս բուն իմաստով խեղդում է բնակիչներին, ստիպողաբար պահանջելով վերադարձնել պարտքերը, թեև հունվարից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը արգելափակված է, մարդիկ ամբողջ աշխատավարձը ծախսում են սննդի վրա, որի գները մի քանի անգամ բարձրացել են, մարդիկ կիսաքաղցած վիճակում են:

Արցախցի գործարար Ա․ Հ-ն, որը փոքրիկ ավտոլվացման կետ ուներ Մարտակերտում, վաղուց սնանկացել է։ Ավտոլվացման կետն էլ համարյա փլվել էր ռմբակոծությունից, պատերազմի ժամանակ։ Միայն տանիքն էր մնացել։ Այժմ վերանորոգված է, բայց եկամուտ չունի։ Որպես բիզնես աջակցություն «Արցախբանկից» վերցված վարկը՝ մոտ 3 մլն դրամ էր։ Տոկոսներով արդեն 4 մլն-ից էլ անցնում է։ Այդ գումարով Ա-ն նորոգել էր իր փոքրիկ օբյեկտը, բայց վերադարձնել պարտքը ի վիճակի չէ։

«Ինձ անընդհատ նամակներ են գալիս, զանգում են, գումար են ուզում։ Չունեմ, որտեղի՞ց տամ։ Ամեն ինչ անում են, որ հենց ճանապարհները բացվեն, մարդիկ թողնեն, փախչեն այստեղից»,-  ասում է նախկին գործարարը։ Այժմ նա իր ողջ գույքը, Մարտակերտի տունը վաճառքի է հանել։ Բայց ո՞վ հիմա տուն կառնի Արցախում։

Նրանք, ովքեր բանկային քարտով պետական աշխատավարձ են ստանում, ավելի վատ վիճակում են, քան սնանկացած գործարարները։ Ամեն ամիս նրանց աշխատավարձից գումարները ավտոմատ դուրս են բերվում ու  նստում են բանկերի հաշվին։ Սնունդի համար գումար համարյա չի մնում։

Ըստ հիմնադրամի տվյալների՝ քաղաքացիների չմարած պարտավորությունները կազմում են 150 մլրդ դրամ։  Քաղաքացիների վկայությամբ, մի մասի պարտավորությունները, վարկային տոկոսները զրոյացնում են, մյուսներինը՝ խեղդելով  հետ վերցնում։

«Ներդրումային հիմնադրամն է որոշում՝ ով փող տա, ով չտա։ Մի  մասի պարտավորությունները ջնջում են, մյուսներին խեղդում։ էն էլ էս դժվար ժամանակով», — ասում է փաստաբան, Ստեփանակերտում բնակվող Ժաննա Արզումանյանը։

Նա բանկից զանգեր ու սպառնալիքնր է ստանում, որ պարտքը արագ բերի, փակի։

«Զանգում են, սպառնալիքներով, թե բա փողերը տվեցեք,  շուտ արեք։ Հայրենիքը հետ տվեք, մենք ձեր վարկերը կտանք։ Միլիարդներ ունեք տված մեծահարուստներին, հետ չեք ուզում, ընկել եք էս խեղճուկրակ ժողովրդին 2-3 մլն դրամի համար խեղդում եք, խեղճացնում եք, բայց մենք խեղճացողը չենք։ Դուք գնալու եք, մենք մնալու ենք։ Մեր վարկերը փակեք բոլորը, ու դուք դեռ պետք է շնորհակալ լինեք, որ մենք այստեղ մնացել ենք, չենք փախչում։ Մենք հերոս ենք, որ մնացել ենք ստեղ ու դեռ ձեզ նմաններին պահում ենք։ Ուղղակի մեր երկիրն ա, մի կերպ ապրում ենք։ Մեկը չեկավ, հարցնի՝ ո՞նց եք ապրում, Ձեր երեխին ի՞նչ եք կերակրում։ Եկել եք, վարկ եք ուզում։ Արյունները մեր կերել եք։ Իմ փայ Ղարաբաղս ձեզ պադառկա եմ տալիս, գնացեք, վարկերս փակեք»,-ասում է կինը՝ խոսքն ուղղելով Արցախի պետական այրերին։

Արցախի ներդրումային հիմնադրամը պատասխանելով քաղաքացիների բողոքներին ու գանգատներին հայտնում է, որ հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ որոշել է փողերը հետ ուզել փուլ առ փուլ։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու 20 մլն և ավելի ժամկետանց պարտավորություններ ունեցողներին։

«Սահմանված շեմից ցածր չափի ժամկետանց պարտավորություններ ունեցող փոխառուների պարագայում սահմանափակվել ենք ընդամենը իրազեկող հեռախոսազանգով: Առ այսօր ծանուցվել են ժամկետանց պարտավորություններ ունեցող 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք, որոնց հանրագումարային պարտավորությունը հիմնադրամի նկատմամբ կազմում է 51 մլրդ 747 մլն 878 000 ՀՀ դրամ:

Ծանուցված սուբյեկտներին տրվել է ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար՝ պարզաբանմամբ, որ հակառակ պարագայում գումարը բռնագանձելու համար Հիմնադրամը քաղաքացիական հայց է ներկայացնելու դատարան: Ի պատասխան Հիմնադրամի նկատմամբ անհարկի ու առանձին դեպքերում նաև բացահայտ ինքնապաշտպանական նպատակ հետապնդող հայտարարությունների՝ իրազեկում ենք, որ Հիմնադրամը իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները և հատկապես փոքր չափի պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց պարագայում գործընթացը առավելագույնս կատարվելու է բանակցային ճանապարհով», — պարզաբանում է ներդրումային հիմնադրամը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest