Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով չի կարողացել հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը։ Ինչպես Ստամբուլից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թուրքական Cumhuriyet պարբերականի տվյալներով՝ ձայների 94,04 տոկոսի հաշվարկի տվյալներով Էրդողանը ստացել է քվեների 49,83 տոկոսը(24 588 314 ձայն), ինչը ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։

Նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 44,40 տոկոսը (21911 658ձայն)։

Ընդ որում, Էրդողանը Քըլըչդարօղլուին պարտվել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան, ինչպես նաև երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում՝ Վանում, Դիարբեքիրում, Կարսում, Իգդիրում, Մուշում և այլն։

Էրդողանի գլխավորած Ժողովրդական դաշինքը հավաքել է 50,32 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ազգային դաշինքը՝ 34,65 տոկոս։

Այս պահին Ստամբուլի կենտրոնական որոշ հատվածներում նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Թեպետ նախապես ակնկալվում էր, որ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո կարող են լինել ցույցեր և բախումներ, սակայն այս պահի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Ակնկալվում է, որ շուտով Էրդողանը հանդես կգա ելույթով՝ դիմելով իր ընտրազանգվածին, որը հավաքվել է Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի իր տան մոտ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest