Ամենայն հավանականությամբ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Երեկվա քվեարկության նախնական արդյունքներով՝ թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը:

Այդուհանդերձ, հակառակ սոցհարցումների արձանագրած պատկերի, հաղթանակին շատ մոտ էր Ռեջեփ Էրդողանը, որին հաջողվեց ավելի քան չորս տոկոսով առաջ անցնել մրցակցից․ գործող նախագահը ստացել է քվեների 49 տոկոսից ավելին, իսկ ընդդիմադիր վեց կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է թուրքերի 45 տոկոսը:

Դեռ չի հաշվարկվել քվեների մոտ մեկ տոկոսը, ինչը, սակայն, ըստ ամենայնի, պատկերն էական չի փոխի. Ռեջեփ Էրդողանը մրցակցից 2 միլիոնից ավելի ձայն է ստացել: Ընտրությունների մասնակցության ցուցանիշը բարձր է՝ շուրջ 86 տոկոս կամ 55 միլիոն մարդ: Երեկ Ստամբուլում «Ազատության» այցելած տեղամասերում հերթեր էին, սակայն լարվածություն, դժգոհողներ չէին նկատվում:

Երկու շաբաթից՝ մայիսի 28-ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու է ավելի շատ քվե ստացած թեկնածուն: Առաջին փուլին հաջորդող փողոցային զարգացումներ չեն լինի, որոշ տարերային հավաքներ գիշերը անցկացվել են, սակայն, Էրդողանն էլ, Քըլըչդարօղլուն էլ աջակիցներին արդեն երկրորդ փուլին են պատրաստում՝ երկուսն էլ վստահեցնելով, որ հենց իրենք են հաղթելու:

Գործող նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ ինքը զգալի տարբերությամբ է առջում: 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, մինչդեռ, հիշեցրել է, որ ընտրողների 50 տոկոսից ավելին իշխանությանը ձայն չի տվել՝ նկատի ունենալով նաև նախագահի երրորդ թեկնածու Սինան Օղանի ստացած հինգ տոկոսից ավելի քվեն: Հենց նրա աջակիցների ձայները կարող են վճռորոշ լինեն երկրորդ փուլում:

Ինչպես և կանխատեսվում էր, քսան տարուց ավելի Թուրքիան ղեկավարող Էրդողանը պարտվել է խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Բուրսայում: Ընդ որում մեծ քաղաքներում իշխանությունը ընտրողների վստահությունը կորցրել էր դեռ տեղական ընտրություններում. այդ թվում այստեղի՝ Ստամբուլի քաղաքապետը ընդդիմադիր է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest