Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բրյուսելում  վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Այս մասին եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ պետությունների ղեկավարները տարածքային ամբողջականությունները ճանաչելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, իսկ  Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։

Բրյուսելից հնչած հայտարարությունից հետո քարտեզագետները հայտարարում են՝ այսպիսով ՀՀ վարչապետը Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու պատրաստակամություն է հայտնել։

«Եթե այդպիսի թվեր են նշված, դա ներառում է նաև Արցախը, բայց ինչպես հասկանում եմ կարգավիճակի հարցը մնում է քննարկումներից դուրս։ Առանց Արցախի այդ տարածքը կլիներ 82 հազար 200 քկմ, քանի որ առնվազան ԼՂԻՄ տարածքը 4,400 քկմ է»,-ասում է քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանը։

Մեկ այլ քարտեզագիր Ռուբեն Գալչյանն էլ նշում է, որ Շառլ Միշելի ներկայացրած թվերը, որոնք գոյություն ունեն՝ գծվել են 1940-ականներից։ «Բոլոր սովետական քարտեզները՝ ներառյալ զինվորական շտաբի քարտեզները, վերջին անգամ տպագրվել են 1970-ականներին և ստորագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից»,-ասաց նա։

Քարտեզագետները մտահագություններ են հայտնում՝ նշելով, որ Միշելի հայտարարությունում անդրադարձ չկա 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը չի կարծում, որ Ալիևը զորքերը հետ քաշելու որոշում կկայացնի։ «Չնայած, որ Ալիևն ընդունում է՝ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, բայց դրանից 220 քկմ-ի չափ գրավել է իր ուժերը ներս մտցնելով՝ Հայաստան, պետք է հեռանա։ Ադրբեջանն ասում է, որ համաձայն են խորհրդային սահմաններին, բայց իրենց զորքերը հետ չեն քաշի, ինչպես, որ իրենց արգելափակումը չեն վերացրել Լաչինի միջանցքից»,-ասաց նա։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նշում է, որ Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամություն են հայտնել 1940-ականներին գծված քարտեզների հիման վրա, որի հրատարակությունը եղել է 1970-75 թվականներին։  Գալչյանը, սակայն, հիշեցնում է 1926 թվականին գծված քարտեզի մասին, որտեղ Հայաստանի տարածքը 31 հազար քկմ է։ Ըստ քարտեզագրի՝ շուրջ 1500 քկմ տարածք տրվել է Ադրբեջանին։

«Այս տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, որպես Քրդաստան գավառի քրդերի համար արոտավայրեր, 33 թվականին այդ որոշումը չեղարկվեց, բայց տարածքներն Ադրբեջանը պահեց իրեն։ Վերադառնալով 1926 թվականի քարտեզներին, ՀՀ տարածքը 31 հազար քառ․ կիլոմետր էր, իսկ նույն ժամանակ Ադրբեջանի տարածքը 85, 200 քառ․ կմ է, ոչ թե 86,600 քառ կմ։ Այդ տարածքները մեր հաշվից վերցրել և յուրացրել են։ Խորհրդային միությունն էր դա որոշել։ Երբ սկսեն սահմանագծման մասին խոսել, մենք պետք է այս հարցերին անդրադառնանք: Ադրբեջանը մեզ պետք է վերադարձնի շուրջ 1400 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ եթե անդրադառնանք 1991 թվականին, ապա Ադրբեջանը պետք է վերադարձնի 220 քառ, կիլոմետր տարածք։ Նրանք Հայաստանի տարածքից գրավել են՝ Ջերմուկի, Սև լճի, Շորժայի, Իշխանասարի տարածքները, դրանք պետք է վերադարձնեն մեզ»,-ասաց քարտեզագետը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մայիսի 14-ին պայմանավորվածություն են ձեռք բերել վերսկսել Երևանում և Բաքվում ստեղծված սահմանզատման հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպումները՝ առանց ժամանակակգրության հստակեցման։ Ռուբեն Գալչյանի խոսքով՝ հենց այդ հանդիպումներում էլ պետք է հակառակ կողմին հիշեցնել թե 1400 քառակուսի կմ-ի, թե 220 քառառակուսի կմ-ի մասին։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest