Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Փորձագետների կարծիքով, ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում կփոխվեն տարածաշրջանային եւ աշխարհագրական թրենդները, եւ դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։

Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում հենց Թուրքիայի ընտրությունների օրը

Վերլուծաբանները կարծում են, որ Էրդողանի պարտության դեպքում Ալիեւը «որբ» կմնա, հատկապես, որ ռուս-թուրքական ամուռ կապը կխաթարվի։ Նման իրավիճակում Երեւան-Բաքու հարաբերությունների եւ Արցախի մասին բանակցությունները կարող են այլ բնույթ ստանալ։

Իրավիճակը կփոխվի եւ Էրդողանի հաղթանակի դեպքում․ Թուրքիան ավելի ագրեսիվ կդառնա եւ կպնդի ռուս-թուրքական «Լավրովի պլանը»։

Սակայն ամեն ինչ կարող է զարգանալ ցնցումների ճանապարհով, եւ դա եւս կանդրադառնա Հայաստանի հետ Բաքվի եւ Անկարայի գործընթացներին։

Այդ ֆոնին Մոսկվան եւ Անկարան շտապեցնում են Հայաստանին՝ որեւէ պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրել, մինչեւ Թուրքիան դուրս կգա ընտրական ռեժիմից։

Մինչդեռ Վաշինգտոնում անցած շաբաթ կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարրարների հանդիպումից հետո հայտարարվեց եվրոպական մայրաքաղաքներում նախատեսված մի շարք հանդիպումների մասին, ինչը կարող է վկասել պայմանագրի ստորագրումն առկախելու Արեւմուտքի մտադրությանը։

Արևմուտքում, ինչպես նշել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն, պնդում են, որ Անկարայի աշխարհաքաղաքական նախապատվությունները չեն համապատասխանում իրենց շահերին, բայց հիմնականն այն է, որ Թուրքիան «չընդունեց ամերիկյան մանդատը»:

Լոզանի պայմանագիրն ու հայերի գույքային իրավունքները ինչ կփոխվի

1923 թ․ հուլիսի 24-ին ստորագրված Լոզանի պայմանագրով են որոշված Թուրքիայի սահմանները: Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին, քանի որ այն որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920), իսկ 1921 թվականին կնքնվել են ռուս-թուրքական Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերը։

Էրդողանը վերջին 10 տարվա ընթացքում բազմիցս խոսել է Լոզանի պայմանագրի մասին։ 2017 թ․ դեկտեմբերի 7-ին նա հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը թարմացման կարիք ունի, հավելելով, որ թարմացումը կառնչվի ամբողջ տարածաշրջանին:

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Էրդողանին, հայտարարելով, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի հանրապետության պլատֆորմն է, եւ դրանից հրաժարվելը կհանգեցնի Սեւրի պայմանագրի վերադարձին, ինչը կարող է աղետ դառնալ երկրի համար:

Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագրով Հայաստանն ունի ավելի քան 160 հազար ք/կմ տարածք Տրապիզոն նավահանգստով: Իսկ Լոզանի պայմանագրով Հայաստանի մասին ոչ մի հիշատակում չկա: Ավելին, Թուրքիային հաջողվել է հասնել այն բանին, որ Լոզանի պայմանագրում չլինի Թուրքիայի տարածքում «հայկական օջախ» ստեղծելը:

Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնություններին։ Ըստ պայմանագրում առկա կետերի՝ Թուրքիայում բոլոր քաղաքացիները պաշտոնապես համարվում են թուրք, իսկ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները գրանցվում են որպես կրոնական փոքրամասնություն:

Ղըլըչդարօղլուն հայտարարեց, որ ալևի է, այսինքն՝ բնիկ «փոքրամասնությունների» ներկայացուցիչ

Էրդողանի հիմնական հակառակորդ Քեմալ Ղըլըչդարօղլուն ընտրություններից 2 շաբաթ առաջ հայտարարեց, որ ալևի է։ Ալևի էն համարվում սյունի դավանանք չընդունած, իրենց բնիկ «փոքրամասնություն»՝ հայ, ասորի, հույն համարող Թուրքիայի քաղաքացիներ։ Վերլուծաբանները նշում են, որ եթե իշխանությունը թուրքերից, կամ օսմաններից անցնի բնիկ «փոքրամասնություններին», որոնք իրականում մեծամասնություն են, 1923 թ․ Թուրքիայի կառուցվածքը արմատապես կփոխվի։

Հայերի հետ կապված, կարող է փոխվել 100 տարի առաջ բռնագանձած գույքի հանդեպ վերաբերմունքը։ Թեկուզ հստակ թվեր չկան, սակայն ընդհանուր առմամբ, ըստ փասրաթղթերի, Ցեղասպանության ժամանակ հայերից բռնագանձվել է 20 545 շենք։ Թալահատն այն ժամանակ ասել է, որ հայերը ողջ չեն եւ ապահովագրության գումարներ ստանալու համար ժառանգներ չունեն։ Փարիզի համաժողովի ժամանակ հայերը ներկայացրել են Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի ընդհանուր կորուստները, որոնք այսօրվա գնահատականներով 358 մլրդ․ դոլար է կազմում։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest