Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, որի ուղղությամբ մայիսի 11-ին Ադրբեջանական զինված ուժերը ականանետային հարձակում էին իրականացրել, այսօր համեմատաբար հանգիստ է: Բայց երեկվա հարձակումը որոշ անհանգստություն առաջացրել է բնակչության շրջանում:

«Մարդ կա երեխեքին տեղափոխում ա ավելի անվտանգ տեղ՝ Երևան կամ թեկուզ՝ Վարդենիս, որտեղ համեմատաբար ապահով է», -Forrights.am-ին ասում է Սոթքի բնակիչ, նախկին գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:

2022 թվականի սեպտեմբերի 12-ին կատարվածի համեմատ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը լայն մասշտաբի սադրանք էին կիրառել, այս անգամ ըստ Շահսուվարյանի, մեծ լարվածություն չկա: «Ժողովրդի համար հիմա արդեն կարծես սովորական երևույթ է այս հարձակումը: Չեմ ասում՝ անտարբեր են, բայց համեմատաբար հեշտ են տանում հիմա: Անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցածը շատ լուրջ էր: Հիմա առայժմ լուրջ պանիկա չկա», -ասում է նա:

Նախկին պաշտոնյայի խոսքով, երեկ Հայաստանի Զինված ուժերը լուրջ դիմադրություն են ցույց տվել ու հիմա էլ՝ «պինդ կանգնած են, ընկճվել չկա»:

Գյուղի դպրոցը երեկ աշխատել է մասնակի, այսօր աշխատում է: Գյուղացիները դաշտերում շարունակում են իրենց հողագործական աշխատանքներն իրականացնել: Բայց, ըստ Շահսուվարյանի, ամեն ինչ մեծ զգուշավորությամբ են անում:

«Մարդիկ գիշերը գնում են իրենց հարազատ բարեկամների տուն, առավոտ շուտ գալիս են, հեսա հիմա դաշտերում աշխատում ենք: Հիմա, աստված չանի, կարող ա մի ԱԹՍ հարվածի, բայց դե ի՞նչ անենք, էս գարնանացանը եթե բաց թողնենք, բերք չենք ունենա», -նշում է Շահսուվարյանը:

Սոթք գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները երեկ՝ մայիսի 11-ին գիշերվանից հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել: Թիրախում, ըստ Պաշտպանության նախարարության, եղել են հատկապես հայկական զինված ուժերի դիրքերը: Հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 վիրավոր: Այսօր՝ մայիսի 12-ին ևս Ադրբեջանը ԱԹՍ է կիրառել, ինչի հետևանքով 2 հայ զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել:

Հասմիկ Համբարձումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest