Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և մասնակի գոհ մնացել հանդիպման արդյունքներից։

Իրենց որդիներին կորցրած ծնողների պահանջն էր, որ նախաքննական մարմինը դիտարկի մի քանի վարկածներ և չկենտրոնանա նույն օրը կառավարության նիստում վարչապետի առաջ քաշած բենզինի հետևանքով հրդեհի բռնկման վարկածի վրա, որն այս պահին պաշտոնական հիմնական վարկածն է։

«Մենք ամենասկզբում իրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ինքը առաջինը ասել բեզնինի հետևանքով հրդեհի բռնկման վարկածի մասին։ Ինքն էլ պատասխանեց, որ ասել է ոչ թե ուղղորդելու համար, այլ ասել եմ նախնական վարկած ա, դա դեռ պետք ա քննարկվի։ Հենց էդ հանդիպման ժամանակ էլ պնդեց, որ իր ասածը նախնական վարկած ա, ու հանձնարարեց դատախազին ու նրա տեղակալին՝ քննարկեք ուրիշ վարկածներ, մի վարկածի վրա չմնաք, որ հանրության մոտ կասկածներ չլինեն, թե ինքը ուղղորդել ա», -երեկվա հանդիպումից Forrights.am-ին մանրամասներ է փոխանցում հրդեհի հետևանքով զոհված Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը։

Զոհված 15 զինծառայողների ծնողներն ու հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, որի համաձայն զինվորական կացարանում հրդեհն առաջացել է բենզինից առաջացած կայծի հետևանքով։ Հիշեցնենք՝ զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 4-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց դեպքի օրը կառավարության նիստում հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպա Եղիշե Հակոբյանի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:

Այդ օրվանից միակ հիմնական ու պաշտոնական վարկածը համարվում է դա, իսկ կապիտան Եղիշե Հակոբյանը մեղադրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։

Քրեական վարույթի շրջանակներում կա ևս 4 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:

Մինչ Փաշինյանի հետ հանդիպումը ծնողները փակել էին Երևան-Սևան մայրուղին, այնուհետև՝ Երևանի Հանրապետության հրապարակին հարակից փողոցները։ Միայն այս քայլերից հետո է վարչապետը համաձայնել հանդիպել քրեական վարույթով տուժողների հետ։

Գրիգորյանը պատմում է, որ հանդիպմանը ներկա ՀՀ գլխավոր դատախազին ու զինդատախազին «խստիվ կերպով հանձնարարել է» հետամուտ լինեն, որ դիտարկվեն նաև այլ վարկածներ։ «Ու նաև ասավ, որ երկու ամիս հետո էլի կհանդիպի մեր հետ», -նշում է զինծառայողի պապիկը։

Հարցին՝ գո՞հ է հանդիպումից, Գրիգորյանն արձագանքում է․ «Դե եսիմ, շատ հարցեր տվեցինք, ինչ հարց ունեինք տվեցինք, ինքն էլ նորմալ պատասխանում էր։ Ամենակարևորը՝ հարցրինք՝ ինչո՞ւ են նման պայմաններում ծառայել երեխեքը, ինքն էլ ասավ, որ ընդեղ անհարմարություններ են եղել, լավ պայմաններ չեն եղել։ Տենց․․․ ընենց չէր, որ դժգոհ էինք հանդիպումից»։

Արդյոք վստահում են վարչապետի խոսքին հարցին ի պատասխան նշում է, որ կվստահեն մինչև հաջորդ հանդիպումը․ «Հարցեր կան, որ հանձնարարեց դատախազին՝ քննարկեք, ի մի բերեք ու ինձ զեկուցեք ու հետո էլ ասավ՝ դրանից հետո, հունիսի վերջ ես ձեզ կընդունեմ էդ հարցերը քննարկելու համար։ Դրա համար ինչ-որ տեղ հըլը կսպասենք ևս երկու ամիս, ի՞նչ անենք»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տպավորություն ուներ, արդյոք վարչապետը իրեն մեղավոր էր զգում զինվորական կացարանում ստեղծված նման իրավիճակի, պայմանների համար։ «Ասավ, ասավ՝ ստեղ ես էլ եմ մեղավոր, ինչը դուզն է, դուզը, ասավ, որ հետևողական չեն եղել, չեն հետաքրքրվել էդ պայմաններով, ասավ՝ ես էլ եմ մեղավոր, իհարկե։ Տենց էլ ասավ», -պատմում է Արտյոմ Գրիգորյանը։

Զինվորների ծնողները դժգոհել են նաև նախաքննության ընթացքից․ «Ասեցինք, որ մեզ դրական բան չեն ասում, ասեցինք, որ նախաքննության ընթացքից դժգոհ ենք, ինքն էլ հարցեր տվեց գլխավոր դատախազին ու զինդատախազին և երևի դժգոհ մնաց իրանց պատասխաններից, ասեց՝ դե դրա համար ինձ կզեկուցեք։ Մի բան էլ ասավ, ասավ՝ եթե իմանամ, որ մեկն ուզում ա էս գործը կոծկվի, ու եթե ես իմանամ, որ հանկարծ իմ աշխատողներից մեկը էս գործը կոծկում ա, կամ ուրիշ ձև ա ներկայացնում, վիզը կթռցնեմ»։

 

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest