Աղմկահարույց միջադեպերի ժամանակ տեսանելի է դառնում, որ ոստիկանության բարեփոխումները ընդամենը խոսակցություն են։ Քաղաքացիներին բերման են ենթարկում գետնին պարկեցնելով, ծեծելով, ստորացնելով։ «Պոլիգրաֆ» ակումբում տեղի ունեցած բռնությունները պատկերած տեսաժապավեններում երևում է, թե ինչպես են հարվածում գետնին պառկեցված անձանց։

Ապրիլի 23-ի ոստիկանական ներխուժումը «Պոլիգրաֆ” ֆիքսել էին ակումբում տեղադրած  տեսախցիկենրը։ Կադրերում նաև երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները մոտենում մուտքի մոտ կանգնած քաղաքացիներին ու հարվածում նրանց։ «Պոլիգրաֆի» աշխատակիցները սոցցանցերի և ԶԼՄ-ների միջոցով հայտնում էին ներխուժման մանրամասները՝ բռնություններ խուզարկության ընթացքում, ծաղր ոստիկանական բաժանմունքում, մերկացնել, ժամերով գետնին պարկեցնել, հայհոյանք, սպառնալիքներ, գետնին են պառկացրել և այլն։

Օպերացիայի անվանումը համապատասխան էր ոստիկանների պահվածքին՝ « Ալիբաբա և 40 ավազակներ”։ Բռնությունների վերաբերյալ քրեական գործ սակայն չեն հարուցել, ինչպես ՔԿ խոսնակն է ասել՝ պատշաճ բողոքի բացակայության պատճառով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որի ղեկավարած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ստանձնել է «Պոլիգրաֆի… աշխատողների պաշտպանությունը, հայտնեց, որ այսօր բողոք են է ուղարկվել դատախազություն բռնությունների փաստով։

Ոստիկանության ու քննչական կոմիտեի  հաղորդագրություններում բռնարարքների մասին ոչ մի բառ չկա։ Կատարվածը նրանք ներկայացնում են որպես հատուկ օպերացիա թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում, սրանով իսկ տրամադրելով հասարակությանը ընդդեմ «Պոլիգրաֆի» աշխատողների, վնասելով ակումբի համբավը, խախտելով անմեղության կանխավարկածը։

Ըստ ՔԿ-ի, բերման են ենթարկել 41 անձի, որոնցից 4 հոգու ձերբակալեցին։ Նրանց մոտ թմրանյութեր էին գտել։  <<Պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ”, — հաղորդեց քննչական կոմիտեն 1 օր անց։

«Դիմել ենք ՄԻՊ-ին, նաև առանձին անձինք, որոնց մեղադրում են, բողոքներ են ներկայացրել։ Իրենք շեշտադրում են անում թմրանյութերի վրա, որը ամբողջությամբ կեղծ շեշտադրում է։ Որևէ տեսակի հիմք ու փաստ չունեն։ Նրանք ունեցել են անհայտ ծագման «նավոդկա», որի տված ինֆորմացիան կեղծ է եղել», — ասում է ակումբին մոտ աղբյուրը, որը ցանկացավ անհայտ մնալ: Ոստիկանության տարածած լուսանկարները իբր՝ դեպքի վայրից, նա համարում է կեղծ։

«Իրենք լուսանկարներ են տարածել՝ շպրիցների, գդալների նկարներ են, որոնք ինտերնետից կարող էին քաշել։ Գործը ամբողջությամբ շինծու է։ Նրանք եթե ինչ որ բան էլ հայտնաբերել են, դա եղել է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, որը հաճախորդների մոտ է եղել և  շատ չնչին քանակության, աշխատողների մոտ չի եղել»։

Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակված։ Սակայն «Պոլիգրաֆը» ապրիլի 23-ից մինչ օրս փակ է։

Քննիչները հարցաքննությունների են կանչում <<Պոլիգրաֆ>> ակումբի աշխատողներին և այցելուներին թմրանյութերի շրջանառության գործով,  հարցաքննվում են վկայի կարգավիճակով։ Վկաներից մեկի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց Forrights.am, որ իր պաշտպանյալը  հրաժարվեց այս գործով ցուցմունք տալուց։ Ի՞նչ եք կարծում, քննչական կոմիտեն պարտավոր չէ վարույթ սկսել բռնությունների փաստերով։

«Իրենք հայտնում են, որ պատշաճ հաղորդումներ չեն ստացել  տուժողներից, բայց իմ կարծիքով, պարտադիր չէ, որ տուժողը գնա հաղորդում ներկայացնի, այդ ամենի մասին մամուլում հրապարակումներ կան, տեսանյութն է հրապարակվել և իրենք պարտավոր են վատ վերաբերմունքի, ծեծի, խոշտանգման վարույթ նախաձեռնեն, բոլոր տուժողներին հայտնաբերեն ու հարցաքննեն» , — պատասխանում է փաստաբանը։

Նա նաև ասաց Forrights.am -ին, որ տուժողներից մի քանիսը ՄԻՊ գրասենյակ են դիմել և հաղորդել են իրենց հետ կատարված բռնությունների մասին։ «Կարծում եմ՝ ՄԻՊ-ը պարտավոր է հաղորդում ներկայացնելու քննչական մարմին>>։

Ակումբի մշտական հաճախորդներից Մ․Ս-ի հետ էլ զրուցեցինք։ «Հուսամ, որ շուտ կբացվի մեր սիրելի «Պոլիգրաֆը»։ Իմ իմանալով նարկոտիկ չեն էլ գտել։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ մոտները գցած լինեն տանելու ժամանակ, երբ ասում են 4 հոգու մոտ գտել են։ Իհարկե, հստակ չեմ կարող ասել, բայց կասկածում եմ, որ էդպես էղած լինի: Աշխատողների մոտ ո՞նց կարող էր լինել գործի ժամանակ։ Ամեն անգամ ակումբ մտնելուց բոլորիս լավ խուզարկում են», — ասաց աղջիկը։

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը խորհրդարանում հարց հնչեցրեց՝ թե որքանով են օրինաչափ եղել ոստիկանության կողմից իրականացրած գործողությունները, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ակումբներում շատ  բարձր է թմրանյութերի շրջանառության ռիսկը։ «Եթե լինեն հիմքեր ծառայողական քննության, կիրականացնենք այն» ։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest