«Շատ բռնի ու շատ վտանգավոր ձևով ոստիկանները մտել են ակումբ, ակումբի ամբողջ անձնակազմին, հաճախորդներին, նաև տուրիստներին սպառնացել են զենքերով, մտել են բոլորին խուզարկել են, այնուհետև ակումբում եղած բոլոր անձանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք», -այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում «Պոլիգրաֆ» ակումբում ապրիլի 23-ին տեղի ունեցածի մասին ներկայացրել է ակումբի հանրային կապերի պատասխանատու Հարմիկ Մաքերթումյանը։
Ոստիկանության ծառայողների բռնի գործողությունները, ըստ ակումբի ներկայացուցչի, շարունակվել է նաև ոստիկանության բաժանմունքում․ «Խուզարկություններ են կատարվել նաև ոստիկանության բաժանմունքում, ինչ-որ մարդկանցից նաև պահանջել են մերկանալ ու մերկ վիճակում խուզարկել են։ Այդ ամենը ուղեկցվել է շատ լուրջ անձնական հայհոյանքներով, մարդկանց զենքերով սպառնացել են»։
Նա պնդել է, որ ոստիկանությունը իր գործողությունները չի հիմնավորել իրավական առումով, ինչի արդյունքում ակումբն այժմ փակ է։ Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, թե ակումբում հայտնաբերվել են անհայտ զանգվածի փաթեթավորված իրեր, Մաքերթումյանը հայտարարել է, որ ՔԿ-ի այդ հայտարարությունը «բավական մանիպուլյատիվ է»։
Ակումբի ներկայացուցիչը վստահեցրել է, որ ակումբի ղեկավարությունը «երբևէ նման նյութ չի տարածել», իսկ հաճախորդներին խուզարկելու իրավասություն իրենք չունեն։
Ոստիկանության ծառայողների բռնի գործողություններից տուժած ռեժիսոր Կարեն Հակոբյանը ևս ասուլիսում ներկայացրել է իր հետ կատարվածը երբ երևանյան ակումբներից մեկում պարեկները ոչ միայն չեն կանխել խուլիգանության դեպքը, որի վերաբերյալ հենց Հակոբյանն է նրանց հաղորդում տվել, այլ գազային ինչ-որ նյութով կուրացրել են Կարեն Հակոբյանի աչքերը, քաշքշելով տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին։ «Հարվածներ եղան, ես լսում էի վիրավորանքներ, հայհոյանք։ Ոստիկանական բաժանմունքում ինձ հրաժարվեցին բուժօգնութուն տրամադրել։ Ապշեցի, որ նունիսկ մորուքս և ականջիս օղն էր նեռվայնացրել օրենքի պաշտպաններին՝ «Օղդ չլիներ, ջուր կտայինք»-ասում էին, և նմանատիպ մի շարք վիրավորական արտահայտություններ, ինձ զգում էի կատարյալ անպաշտպան։ Առաջին բանը, որ ես տեսա աչքերս բացվելուց հետո, այն էր, որ ինձ ծեծած ոստիկանը հեռախոսով խաղ էր խաղում», -պատմել է ռեժիսորը։
Ասուլիսին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գնահատելով Կարեն Հակոբյանի հետ կատարվածը և ոստիկանության ծառայողի վարքագիծը, հայտարարել է, որ այն ամբողջությամբ ապօրինի եղել։ «Ոստիկանությունը ներկա է եղել գործողություններին, չի կանխել խուլիգանության դեպքը։ Ինչո՞վ է հիմնավորվել գազային նյութի կիրառումը։ Անձին ձերբակալելու համար շատ ծանրակշիռ փաստեր են անհրաժեշտ», -ասել է Սաքունցը։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար տարակուսելի է «Պոլիգրաֆ» ակումբի նկատմամբ նման հարձակումը և տպավորություն է, որ ամեն ինչ կազմակերպված է և արվում է հենց այդ ակումբի դեմ։
«Ինչո՞ւ են զինված մտնում ակումբ, ինչո՞ւ չեն ստուգում՝ ուր են գնալու։ Սա դիտավորյալ, նախապես որոշված հարձակում է եղել։ Շատ խայտառակ ու արտառոց իրավիճակ է, երբ տանում են ոստիկանության բաժիններ ու մերկացնում մարդկանց։ Ինձ համար արտառոց է, և Վովա Գասպարյանի պաշտոնավարման ժամանակ նույնիսկ այդպիսի բաներ չէինք լսում», -նշել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով, ոստիկանության ծառայողների վարքագծում, գործողություններում ու նաև հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել։
Հելսինկյան ասոցիացիա հկ նախագահ Նինա Կարապետյանցն ասել է, որ կամ թմրամիջոցներ Հայաստանում ինչ-որ տեղ արտադրվում են, կամ արտասահմանից են բերվում։ «Եթե քո երկրում է արտադրվում, ուրեմն իրավապահ մարմինները լավ չեն աշխատում կամ էլ հետաքրքրություն կա այդ մարմինների շրջանում։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ այո, պետք է պայքարել, դա չարիք է», -ընդգծել է Կարապետյանցը։
Մեկնաբանելով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության՝ ՔՊ-ի պատգամավորների հայտարարությունները, որոնք աջակցում էին «Պոլիգրաֆում» ոստիկանության գործողություններին, իրավապաշտպանները նշել են, որ ոստիկանության գործողությունները պաշտպանելը բռնության քարոզ է։
«Եթե մինչև հիմա Ազգային ժողովի որևէ պատգամավոր, նկատի ունեմ իշխող մեծամասնությունից, չի դատապարտել ոստիկանության բռնի գործողությունները, դա հովանավորչություն է ոստիկանության գործողություններին։ Հանցագործության դեմ չի կարելի պայքարել հանցավոր մեթոդներով։ «Պոլիգրաֆի» դեմ ահաբեկչական գործողությունը ուղղված է ոչ թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ընդլայնելու օգտին», -նշել է Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: