ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա ազատ է արձակվել։ Այդ մասին Forrights.am-ին տեղեկացրեց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Այս պահին ես ճանապարհին եմ, պետք է դիմավորեմ Գևորգ Սիմոնյանին», -ասաց փաստաբանը։

Նրա ներկայացմամբ, Վերաքննիչ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը և մերժել քննիչին։ «Դատարանի որոշմամբ, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը համարել է չհաղթահարված», -ասաց Խաչատրյանը։

Փաստաբանը պնդեց, որ իրենց դիրքորոշումների մեջ փոփոխություն չի եղել, պնդում են, որ Սիմոնյանին Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրած մեղադրանքը անհիմն ու նույնիսկ աբսուրդային է։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Այնուհետև նա ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նրա հետ միասին այս քրեական վարույթով անցնում են ևս 10 բուժաշխատողներ։

Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն կլինիկ»-ի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Շահումյանը հափշտակել է 119 միլիոն դրամ։

Առնչվող հրապարակում- «Բացառապես իրավական պրոցեսներով հասնելու ենք Գևորգ Սիմոնյանի արդարացմանը»

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest