Զինված ադրբեջանցիների կողմից  Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջի փակումը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի,  Հայաստանի իշխանությունների բացթողումն է։

«Հարցը տարածքի վերահսկողությունը չէ, հարցը՝ քաղաքական դիրքորոշումն է։ Եթե Ադրբեջանն իմանար, որ ՀՀ-ն խզելու է իր հետ բոլոր բանակցային գործընթացները՝ Մոսկվայի հետ կապված, ապա Ադրբեջանն այդ քայլին չէր գնա»,-Forrights.am -ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ադրբեջանը երեկ հանդիսավոր արարողությամբ դրոշ բարձրացրեց Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է»,- զեկուցեց Ադրբեջանի սահմանապահ զորքերի գնդապետը Իլհամ Ալիևին:

Ադրբեջանական երկու անցակետերի միջև են մնացել Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ Հին Շենը, Մեծ Շենը, Եղցահողը և Լիսագորը, որտեղ 350 արցախցի է ապրում։ Նրանք չորս ամիս կտրված էին մայրաքաղաք Ստեփանակերտից, իսկ արդեն հինգ օր է՝ Գորիսից։

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին է դիմելու Ադրբեջանի կողմից հերթական խախտման՝ Հակարիի կամրջի փակման և Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին։ Հիշեցնենք, ՄԱԿ-ի դատարանը դեռ 2022 թվականի փետրվարին էր Ադրբեջանին պարտավորեցրել ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս իրավիճակում ո՞րն է լինելու ելքը։

«Ելքը նշված է մարտի 15-ի՝ Եվրոպայի միության խորհրդարանի բանաձևում, 2025 թվականին ՌԴ «խաղաղապահ» ուժերին պետք է փոխարինի միջազգային մանդատով միջազգային զորախումբ՝ տարբեր պետություններից»,-ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, իսկ հարցին՝ արդյո՞ք մինչև այդ Արցախը կշարունակի լինել հայկական՝ հաշվի առնելով զարգացումները, քաղաքագետը պատասխանեց․ «Իհարկե, կմնա»։

Հակարիի կամուրջին ադրբեջանական անցակետ տեղադրելուց մի քանի օր անց Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովին փոխարինեց Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը պարզապես զուգադիպություն է։ Նա կարծում է, որո Մոսկվան, ոչ թե ձախողման, այլ՝ իր շահերի համար է Վոլկովին հետ կանչել։

«Սա պայմանավորված է Ուկրաինայիում ՌԴ-ի անհաջող պատերազմով։ Մոսկվան 15-րդ բրիգադի պայմանագրային և սպայական անձնակազմը (խաղաղապահներին) ուղարկում է պատերազմ, իսկ այստեղ տեղակայելու են ժամկետային ծառայողների։ Ծառայության որակը նվազելու է։ Բազմաթիվ կենֆլիկտների միջավայր կստեղծվի, որովհետեև ժամկետային ծառայողները, և փորձի առումով, և այլ հատկությունների տեսակետից իրենք իրենց համար խնդիրներ ստեղծող անձնակազմ են լինելու։ Այդպիսի իրավիճակ Արցախը տեսել է, երբ 90-ականներին Ստեփանակերտում տեղակայված էր մոտոհրաձգային գունդը, որը հետո դուրս բերվեց»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest