«Անդրադարձ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին» նախատեսվող զեկույցի հեղինակ Փոլ Գավանը (Իռլանդիա) հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մայիսին տարածաշրջանային այց է նախատեսում և կոչ անելով համագործակցության: Հայտարարության մեջ ասվում է. «2023թ. ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել։

Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ բաց հաղորդակցության ճանապարհի խոչընդոտման շուրջ ընթացիկ աճող լարվածության պայմաններում: Այս միջանցքի բաց և անվտանգ հասանելիությունը սահմանվել և համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Խորհրդարանական վեհաժողովը ուշադրությամբ հետևում է այս իրավիճակին, այդ թվում՝ հունվարին տեղի ունեցած ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ, ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տեղեկատվական նոտայով և Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի՝ մարտին հրապարակված հայտարարությամբ։ Բյուրոյի որոշմամբ՝ 2023թ. մարտի 15-ին Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից ես նշանակվել եմ «Անդրադարձ Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքներին» հարցերով զեկուցող: Մինչ այդ՝ 2021թ., պատրաստել եմ զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության / Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների մասին» թեմայով:

Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ կերպով շահագործվում է անօրինական նպատակներով՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, ինչը, ըստ նրա, անվտանգության սպառնալիք է: Առանց տարածք մուտք գործելու՝ հնարավոր չէ ստուգել այս պնդումները: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են։ Ա

րդեն ամիսներ շարունակ մենք ականատես ենք լինում տարածաշրջանում մտահոգիչ էսկալացիայի՝ ոչ միայն հռետորաբանության, այլեւ փաստացի: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն՝ լուծում գտնելու Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելուն: Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի անհապաղ։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան։

Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի առաջին ձեռքից փորձառություն Լաչինի միջանցքում տիրող պայմանների վերաբերյալ, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան կողմերի հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին՝ ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գործակցության և բարի կամքի վրա։

Իմ նպատակն է կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, որին դժվար կլինի հասնել, եթե ինձ թույլ չտան սեփական աչքերով տեսնել, թե արդյոք Լաչինի միջանցք մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest