«Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Պոլիգրաֆ թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած նման գործելաոճը և կոչ անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու  մարդկային վերաբերմունքը։

Միաժամանակ, իրավական աջակցություն տրամադրելու մեր պատրաստակամությունն  ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած Պոլիգրաֆ թիմի անդամներին և այցելուներին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest