Ի՞նչ պիտի լսած լինի ոստիկանությունը, որ հակահաբեկչական գործողության մեթոդներով մտնի «Պոլիգրաֆ»: Առնվազն պիտի ջիհադականների բռնած լինես, որ հետներն այդպես վարվես ցույց տալու համար, թե ովքեր են այս երկրում տեր ու տիրականը:

Վահե Ղազարյանը պիտի հրաժարական տա հենց միայն այս գործողության համար, քանզի նրա համար 2018-ից էս կողմ իրավիճակ չի փոխվել: Ես չգիտեմ, թե ովքեր են պոլիգրաֆիստները, բայց ոստիկանությունից դեռ պաշտոնական պարզաբանում չեմ լսել այն մասին, որ նրանք ծրագրում էին պայթեցնել Մեծամորի ատոմակայանը կամ ուզում էին թունավորել Երևան մտնող խմելու ջրի բոլոր աղբյուրները, ընդ որում «թույնը բռնել ենք հենց նրանց ձեռքերի մեջ»:

«Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանության պահվածքը ոչ միայն պետք է հետաքննվի: Դա նոր հեղափոխության ազդակ է այս երկրում: Եթե Փաշինյանը չի ուզում Սերժ Սարգսյանի խայտառակ մերժմանը ենթարկվի, պիտի Վահե Ղազարյանին հեռացնի բոլոր կոչումներից զրկելով և համակարգից կիլոմետրերով հեռու պահելով: Այլապես նա կիսում է այդ խայտառակության հեղինակային իրավունքը: Որովհետև ստացվում է, որ ոստիկանությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակների բեսպրեդելությունը գերազանցող «նարուշիլովկա» ունի: Իսկ ես չեմ ուզում ապրել այդպիսի երկրում: Կամ ավելի ճիշտ, ես չեմ ուզում, որ Վահե Ղազարյանն ու ես կիսենք նույն երկիրը: Ու եթե Փաշինյանը չի դատապարտում տեղի ունեցածը, ես չեմ ուզում նաև, որ ես ու Փաշինյանը կիսենք էս երկիրը: Հեղափոխական իշխանությունն արդեն չափազանց շատ բան է թույլ տալիս իրեն:

Ինչ-որ մեկը դրանց պիտի բացատրի, որ բոլորովին սխալ են հասկացել լեգիտիմությունը, դա թքելով չէ, դա մարդկանց վրա հարձակվելով ու մերկացնելով չէ, հանցագործության ահազանգ տվողին բերման ենթարկելով ու ծեծելով չէ: Վաղը ո՞վ դրանց որևէ հանցանք կվստահի: Բա ձեր կարծիքով մարդիկ ինչու՞ էին տարիներով լռում հանցանքների մասին: Որովհետև լավ գիտեին «հայրենի» ոստիկանությանը: Աղետ է, երբ քո ձեռքով բերում ես մի իշխանություն, որի ոստիկանությունն ավելի նման է ադրբեջանական հատուկ ծառայությանը, քան նույնիսկ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցին: Սրա համար մեկը պիտի՞ պատասխան տա:

ՀՀ քննչական կոմիտեն իբր պարզաբանել է, թե ««Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում»: Ծանոթ ձեռագիր չէ՞: Հետին թվով ինչ ուզեք կասեք:  Մարդը ձեզ երեք անգամ ահազանգում է, որ Լիտվայից հյուր ունի և «Պոլիգրաֆում» մարդիկ իրենց անադեկվատ են պահում, դու գալիս ես առանց որևէ պարզաբանման նրան տանում ես ոստիկանություն ու ծեծում: Էլ քեզ բան կասի՞ էդ մարդը: Վլադիմիր Գասպարյանը Վահե Ղազարյանից ինչո՞վ էր վատը, նա էլ էր աջ ու ձախ բռնում ու ասում՝ թմրամիջոց եմ գտել մոտը: Գտել ես, լավ ես արել, ինչի՞ ես մարդկանց ոստիկանությունում նվաստացնում մեղադրանքի հետ կապ չունեցող որակումներով: Բա ինչի՞ եք հեղափոխություն անում: Ավելի անադեկվատ լինելու համա՞ր: Թե Գասպարյանից ձեր տարբերությունն էն է, որ Աստծո անունից չեք տշում մարդկանց ոստիկանությունում:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest