Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Նրանք փակել են Հանրապետության հրապարակին հարակից Տիգրան Մեծ փողոցը։ Ակցիայի մասնակիցներին հսկում են ոստիկանության մեծ խմբեր։ Ոստիկանության ներկայացուցիչներից մեկի ռեպլիկը․ «դեպք ա եղել ա, 5000-ն էլ զոհվեցին» հունից հանեց ակցիայի մասնակիցներին։ Զոհված զինծառայողներից Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, սկսեց գոռգոռալ ոստիկանության ծառայողների վրա ու պահանջեց հանգիստ թողնել իրենց․ «5000-ի գլուխն էլ կերաք, դավաճան շներ»։
«Ասում ա՝ դեպք ա, եղել ա, 18 տարի երեխա չենք պահում, որ տանք ձեր նման շներին, դուք էլ երեխեքին վառեք։ Որ երեխեքը ըտեղից փախնեին, գոնե կենդանի կլինեին։ Ո՞ւր են մեր երեխեքը, բերեք մեր երեխեքին։ Մենք առողջ երեխա ենք ձեզ տվել, ո՞ւր են։ Դիտավորյալ սպանել են մեր երեխեքին, ու վերջ։ Վարչապետն էլ հելավ երկու ժամ խոսաց ու ծածկեց գործը», -դիմելով ոստիկաններին, ասաց զինծառայողներից մեկի մայրը։
Հիշեցնենք՝ զինծառայողների հարազատներն ու ծնողները նույն պահանջով ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց էր մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ զինծառայողների հարազատները շարունակելու են բողոքի ակցիան, մինչև կառավարությունից որոշակի պատասխան չստանան։ Այնուհետև պարզ դարձավ, որ Փաշինյանը կառավարության նիստից հետո հեռացել է կառավարության շենքից։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 4-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:
Այս քրեական վարույթի շրջանակներում կա 5 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:
Քրեական գործի նախաքննությունը, դրա շրջանակներում ստացված փորձաքննության եզրակացությունները զինծառայողների ծնողների մոտ ավելի շատ հարցեր են առաջացրել, և նրանք հայտարարում են, թե իրենց երեխաներին միտումնավոր սպանել են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: