Ալեն Սիմոնյանը սպառնում է թքել ընդդիմադիր պատգամավորի վրա։ ԱԺ նախագահն այս սպառնալիքը հնչեցնում է արդեն Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում գտնվելու ընթացքում։ Նման սպառնալիք հնչեցնելու առիթն ընդդիմադիրների դժգոհություններն էին, երբ Ալեն Սիմոնյանն ԱԱԾ-ականներին ցուցումներ էր տալիս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին դուրս հանել նիստերի դահլիճից։ Նիկոլ Փաշինյանը, որ միջադեպի կեսից միայն դուրս եկավ, որևէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին։

Ապրիլի 20-ին Ազգային ժողովում հերթական աղմկոտ միջադեպը գրանցվեց, դարձյալ ուղեկցվելով բռնությամբ։  Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում իրավիճակը լարվեց, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, սպառելով իր ելույթի համար նախատեսված 10 րոպեն, հայտարարեց, որ ամբիոնի մոտից չի հեռանում։ «Քաղաքական ակցիա եմ իրականացնում և ի նշան բողոքի՝ չեմ հեռանալու ԱԺ ամբիոնից։ Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մինչ ընդդմիադիր պատգամավորը կոչ էր անում գործընկերներին մոտենալ ամբիոնին և միանալ իր նախաձեռնած ակցիային, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց ԱԱԾ ՊՊԾ ծառայողներին, ապա հրահանգեց դադարեցնել լիագումար նիստի ուղիղ հեռարձակումը։ Ընդդիմադիրներին ԱԺ դահլիճից բռնություններով դուրս հանելու օպերացիային ներկա էր նաև  ՊՊԾ ղեկավար Սարգիս Հարությունյանը, սակայն, նրա ղեկավարած կառույցի աշխատանքերին ցուցումներ տալիս էր ԱԺ նախագահը։

«Ես չեմ հասկանում անվտանգությունն ի՞նչ է անում, դուք ստեղ ի՞նչ եք անում»,-բաղվում էր Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով, որ չի տեսնում գործուն քայլեր ընդդիմադիրներին լռեցնելու հարցում։

Նիստերի դահլիճում իրավիճակն ավելի թեժացավ, երբ անվտանգության աշխատակիցները Ալեն Սիմոնյանի կողմից հրահանգներ ստանալուց հետո սկսեցին հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին։

Մինչ անվտանգության աշխատակիցները Թագուհի Թովմասյանին քաշքշելով դուրս են տանում, Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություններ էր հնչեցնում․ «Արեգնազով, Աննայով, բոլորին դուրս հանեք․․․»։

Ալեն Սիմնոյնյանը՝ Թագուհի Թովմասյանին և Աննա Մկրտչյանին հեռացնելով չբավարարվեց․  ԱԺ նախագահի հրահանգից մեկ րոպե էլ չանցած անվտանգության աշխատակիցների թիրախում հայտնվեց ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինա Վարդանյանը։ Այդ պահին ականատես եղանք նրան, որ ՊՊԾ աշխատակիցները դահլիճում ընկել էին կին պատգամավորի հետևից, Քրիստինա Վարդանյանին հաջողվեց «պատսպարվել» Արմեն Ռուստամյանի թիկունքում։

Եվ այս ընթացքում էր, որ Ալեն Սիմոնյան ընդդիմադիր պատգամավորների դժգհություններին ի պատասխան սպառնաց թքել։ «Որ պետք լինի կթքեմ ․․․․»,-ասաց Սիմոնյանը, երբ ընդդիմադիրները բռնությունների ֆոնին հայտարարում էին, թե մնում է, որ նա թքի պատգամավորների վրա։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն ապրիլի սկզբին Կասկադում զբոսնելիս իրեն դավաճան անվանելու համար թքել էր  քաղաքացու վրա։ Ալեն Սիմոնյանն այս փաստը չէր հերքել, իսկ չորս օր անց ՀՀ բոլոր քաղաքացիներից ներողություն էր խնդրել։ Ի դեպ, այսօր մինչ խորհրդարանում տեղի ունեցած այս միջադեպը Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր գնահատական տալ Ալեն Սիմոնյանի պահվածքին։

Նիկոլ Փաշինյանի լռության ֆոնին անպատժելի Ալեն Սիմոնյանն միջադեպից հետո ինքն է պատգամավորներին պատժում՝ չթսղնելով նիստերին դահլիճ։ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր 10 պատգամավորի մեկ օրով զրկեց ԱԺ խորհրդարանի դահլիճում գտնվելու իրավունքից

Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը Թագուհի Թովմասյանը որակեց  ապօրինություն, նրա գնահատմամբ՝ Ազգային ժողովի նախագահի հրահանգով իրեն ու գործընկերներին բիրտ ուժով են դուրս հանել Ազգային ժողովի դահլիճից։

«Հիմա տեղի է ունենում կոնկրետ ապօրինություն, ԱԺ նախագահի հրամանով  անվտանգության աշխատայկիցները բիրտ ուժ կիրառելով մեզ դուրս է հանում դահլիճից, իսկ հիմա չեն թողնում վերադառնանք աշխատավայր, սա տարրական անպատժելիություն է, իրենք նախկինում շատ են նման ակցիա իրականացրել»,-ասաց նա։

Նշենք, որ Թագուհի Թովմասյանի այս ակցիան հաջորդում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված այն հայտարարությանը, երբ նա չհստակացնելով ասել էր,  թե  Իմ քայլական ական նախկին պատգանավորներից մեկը, որն այժմ Սերժ Սարգսյանի թիմում է,  իրեն ձայնագրել է ու ձայնագրությունը փոխանցել Սերժ Սարգսյանին։

«Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Իմիջիայլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ո՞վ է ձայնագրել դա և ինչպե՞ս: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության: Եկել է, մեր ցուցակով դարձել պատգամավոր, եթե չասեմ՝ սենց ականջից բռնել, դարձրել ենք պատգամավոր, եկել հեղափոխական թիմի նիստը ձայնագրել, տարել Սերժ Սարգսյանին է տվել, ու մի հատ էլ այսօր հոխորտում են, գետինն էլ չի մտնում»,- ասել էր Փաշինյանը։

Ի դեպ, ԱԺ ամբիոնի մոտ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան խոչընդոտելու ֆոնին հիշարժան է դառնում 5 տարի առաջ՝ 2018 թվականի ապրիլի 14-ին Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի՝ նույն վայրում իրականացրած ակցիան։ Նրանք Փաշինյանի նախաձեռնած քաշլարշավի օրերին եկել էին խորհրդարան և գունային ծուխ էին միացրել, ինչն անվանել էին «Ազատության ջահ»։

Այդ ակցիայից հետո ոչ անվտանգության աշխատակիցները հրավիրվեցին, ոչ էլ այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Արարատ Միրզոյանին ու Լենա Նազարյանին նիստերի դահլիճից հեռացնելու փորձեր եղան, միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղաքական գնահատական հնչեցրեց։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest