Բագրատունյաց պողոտայի կենտրոնական հատվածում, մարդաշատ վայրում մի կրպակ կա։ Կրպակում՝ 84 տարեկան կին էր ապրում, որն աղջնակի անուն ուներ՝  Արփենիկ։ Ավելի ճիշտ, ոչ թե ապրում էր, այլ մահանում ինքնաշեն մահճակալի վրա։

Անցորդները այդ հատվածում շատ են։ Նախկինում Արփենիկը նրանց սիգարետ էր վաճառում, սուրճ ու կոնֆետ։ Կրպակը պետությունից ստացած միակ նվերն էր՝  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր իրեն հատկացրել, որպես Հայրենական Մեծ պատերազմում զոհվածի դստեր։ Բայց վաղուց արդեն անցորդները անկողնում գամված Արփենիկ Բեգլարյանի համար ընդամենը քայլող գլուխներ էին, պեյզաժի մաս։ Երբեմն գլուխները  պատուհանից  ներս էին  նայում, բայց կրպակի   սովորական տեսականու փոխարեն՝ սիգարետ, գրիչներ, խաչբառեր, տեսնում  էին  աղքատիկ  կահկարասի, խորքում պաrկած տատիկին, մի պահ զարմանում էին ու էլի քայլում ամեն մեկն իր ճամփով։ Արփենիկը նրանց պետք չէր։ Նրանք՝ Արփենիկին։

Վերջին մեկ շաբաթը ծեր կինը հաց չէր ուտում։ Նրան խնամող ազգականը փոքրիկ մանկական թեյնիկ էր դրել գլխի մոտ բաժակի փոխարեն։ «Սրանով հարմար է ջուր խմել», — բացատրեց ինձ Արփենիկը, որ հանկարծ չմտածեմ, թե բաժակ չունի։

«Ես ամեն ինչ ունեմ։ Իմ հայրը հարուստ մարդ է եղել, ես ոչ մի բանի կարիք չեմ ունեցել», -մեր հանդիպման ընթացքում կրկնում էր Արփենիկը։ Նա լրագրողի սպասել էր 4 օր։ Աչքերը փակ էր շփվում հետս։ Ինձ տեսնելու համար ստիպված էր մատներով միակ տեսնող աչքի կոպը վեր բարձրացնել։ Ասեց, որ մենակ ես կարող եմ նրան փրկել։ Պատմեց իր պատմությունը՝ որ արդեն շատ է հիվանդ, որ պետությունն իրեն մոռացել է, որ ինքը պետությանը շատ է խնդրել վերադարձնել խնայբանկի իր ավանդը՝ 780 հազար դրամը։ Բայց պետությունը գումարը փոքրացրել է՝ 150 հազար է ուզեցել տալ կնոջը։ Արփենիկն էլ նեղացել է ու վերահաշվարկ պահանջելու, դիմումներ գրելու փոխարեն թուղթ է ստորագրել, հրաժարվել է գումարից։

Հիվանդանոցներից էլ է նեղացել, որոնք հաշվի չեն առել կնոջ առաջին կարգի հաշմանդամությունը և գումար են ուզել նրանից հետազոտությունների համար։ Քաղաքապետարանից է նեղացել, որը թուլ չի տվել, որ կրպակին հարող իր մի քանի մետր տարածքի վրա կոմունալ հարմարություն սարքի, որ օր ծերության գոնե ջուր ունենա, կարողանա լողանալ։ Ինձանից է նեղանում, որ ուզում եմ գրպանը գումար խցկել։ «Կճղեմ, կվառեմ, չհամարձակվես», — ասում է։

Հպարտ է Արփենիկը։ Ասում է՝ չի ուզում, որ իրեն խղճան։ Ու ականջիս, ցածր ձայնով քչփչում, թե կողմնակի եկամուտ ունի, մեկ մեկ սիգարետ է ծախում։ Միամիտ կին։ Բերանը չէր բացվում, թե մի շերտ խնձոր ուտեր, բայց հավատում էր, որ դեռ ապրելու է, որ ես իրեն կփրկեմ, մամուլի ուժով կօգնեմ, որ օր ծերության գոնե զուգարան ունենա։

Չփրկեցի։ Այս գիշեր Արփենիկ Բեգլարյանը մահացավ իր գարշահոտ կրպակում, լուսանկարներից խիստ հայացքով իրեն նայող մեծահարուստ հարազատների լուսանկարներով շրջապատված։

Հ․Գ․ Քառօրյա պատերազմի օրերին Արփենիկ Բեգլարյանը 100 հազար դրամ է հավաքել իր թոշակից ու ուղարկել է զինվորներին։ Դա նրա պարտքն էր իր երկրի առաջ։  Հիշեցի նրա բառերը․ “Ես խաբեբա աղջիկ չեմ, որ պետության հացն ուտեմ, ուրանամ։ Էդքան բան կասեմ․․․ Ինձ չմոռանաք”։

Սյուզան Սիմոնյան   

Pin It on Pinterest