Արփենիկ Բեգլարյան։ Չի քայլում։ Ինձ հետ զրուցում է պառկած վիճակում։ Կողքը դրված է փոքրիկ աղջկա խաղալիք, պլաստմասսայե թեյնիկ։ Դրանով է ջուր խմում։ Ասում է՝ թեթև է։ Տեսնում է միայն մեկ աչքը։ Այն էլ պետք է մատերով կոպը բարձրացնի, որ մի բան երևա։ Ձեռքը հոգնում է։ Երկար չի կարողանում կոպը բռնած պահել, նայել իմ կողմը։ «Կներես,որ թողնեմ, լավ կլինի, չէ՞։ Ոչի՞նչ, որ դեմքիդ չնայեմ», — ասում է ու գլուխը գցում բարձին։

Փոքրիկ կրպակը, որտեղ պառկած է հաշմանդամ կինը, նախկինում նրա խանութն էր։ Սիգարետ էր վաճառում անցնող-դառնողներին, կոնֆետ, գրիչ, սուրճ։ Ասում է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է իրեն տվել այդ կրպակը, որպես Հայրենական Մեծ պատերազմում զոհվածի դստեր։ Այն ժամանակ, երբ առևտուրը եռում էր, Արփենիկն էլ հաջողակ տիկին էր։

«Չուլքի հավաքել եմ, թաշկինակ գործել եմ, սեմուշկա ծախել եմ, ինչ պետք է եղել։ Ոչ մի անգամ ոչ մեկից ավել կոպեկ չեմ վերցրել։ Իմ մաքուր վաստակով կոպերատիվ տուն եմ ստեղծել։ Ես կոոպերատիվ տունը ստացա, եղբայրս եկավ, խնդրեց, որ տունը նվիրատվություն անեմ։ Կնիկը ինձ դուրս արեց․․․ Սերժը ցուցակագրել էր, որ որպես զոհվածի աղջիկ տուն ստանայի, բայց Նիկոլի ժամանակ ցուցակը ջրվեց, գնաց։ Տենց էլ չտվեցին։ էէէհ », — հառաչում է կինը։ Թվում է, նա խոսում է ինքն իր հետ։

Տուն դարձած կրպակում գարշահոտություն է։ Ոչ զուգարան կա, ոչ լոգանք ընդունելու հարմարություն։ Արփենիկը տառապում է օստեոմելիտով։  12 անգամ վիրահատվել է։ Ոտքերը վաղուց չեն շարժվում։ “Ես ոտք չունեմ։ Երկու կոնքերս են կոտրված, փոքրուց եմ ես էսպիսի թերությունով։ 9 հատ վիրահատություն արեցին, ոտքս չկպավ։ Բրեժնեւը ինձ ուղարկեց Լենինգրադ, պլաստմասսայե խնձորակ դրեցին կոնքիս մեջ։ Ոչ ծունկս է ծալվում, ոչ քայլում եմ։ Ոտքերս անպետք իր են։ Ձեռքով վերցնում եմ, դնում եմ գետնին»։

Այն, ինչի վրա պառկած է 84 տարեկան կինը, դժվար է մահճակալ անվանել։ Հին իրերից կցած-կպցրած մի բան է։

Նա երբեք ամուսնացած չի եղել։ Երեխաներ չունի։ Սովետական “Խնայբանկում” փողեր ուներ պահած։ Մի օր կնոջը կանչեցին սոցապից։ “Գնացի, 10 տեղ սսորագրեցի, որ 780 հազար դրամ փող պետք է ստանայի։ Չտվեցին։ Բանկում  ասեցին՝ վիճեալի բան կա քո թղթերում, պետք է ստանաս 150 հազար, ոչ թե 780, ես նեղացա, հրաժարվեցի իրանց փողից, չստացա»։

Արփենիկ Բեգլարյանը նեղացել է աշխարհից՝ պետությունից, բանկից, քաղաքապետարանից, նպաստ ու թոշակ տվողներից։ Բացատրում է, որ իր նպաստը  կտրել են, որովհետև նա  կրպակի տեր է, նշանակում է՝ կարիքավոր չի։ Հաշմանդամության առաջին  կարգը կասկածի տակ են դրել։ «Պասպորտս բացել ա, ասում ա, ո՞վ է քեզ տվել առաջին խումբ։ Ես էլ ասեցի՝ տեսեք, ստեղ ոտք կ՞ա»։

Առաջին կարգի հաշմանդամ ծեր ու հաշմանդամ Արփենիկից հիվանդանոցները միևնույն է, գումար են վերցնում։ «Միքայելյանում եմ հետազոտվել, 80 հազարը ուզել են։ Ստիպված պարտք արի, տվեցի, «Շենգավիթ» հիվանդանոցում։ Ոչ մի տեղ առաջին կարգի անվճարը չի անցնում», — պատմում է Արփենիկի եղբոր աղջիկը՝ Մարիամը, որը խնամում է նրան։

Բայց ամենամեծ վեճը Երևանի քաղաքապետարանի հետ է։ Բանն այն  է, որ Արփենիկն իր կրպակի դիմաց մի քանի մետր հող ունի։ Խնդրում է, որ իրեն թույլ տան ջուր բերել ու փոքրիկ բաղնիք-զուգարան սարքել։ 200 հազար դրամ էլ մուծել է թույլտվության  համար։ Թույլ չեն տալիս։

«Ավինյանին ասում եմ ՝ «Վեոլիա ջրին» դիմեք։ Բայց «Վեոլիա ջուրն» ի՞նչ անի, եթե թույլտվություն չունեմ ջուր քաշելու։ Ես 9 ամիս չէի լողացել։ էն օրը աղբորս աղջիկը մի կերպ տարել ա, լողացրել, բերել ա։ Բոլորն էլ ունեն խանութի մեջ ջուր, զուգարան։ Ես չունեմ»։

Քառօրյա պատերազմի օրերին Արփենիկ Բեգլարյանը 100 հազար դրամ է հավաքել ու ուղարկել  զինվորներին։ Ասում է, որ իր պարտքն է պետության առաջ։ «Ես խաբեբա աղջիկ չեմ, որ պետության հացն ուտեմ, ուրանամ։ Էդքան բան կասեմ․․․ Ինձ չմոռանաք»։

Նա ուզում է, որ «պետության  կողմից” մեկը մտնի, տեսնի, թե ինչու է պառկած։ Նույնիսկ  թղթի վրա գրել է․ «Ծախում եմ տաղավարը 200 հազար դոլարով» ու փակցրել տուն-կրպակի ապակուն, որ ինչ որ մի պետական մարդ հետաքրքրվի, մտնի։ Իզուր։ Պետությունը Արփենիկին մոռացել է։

Սյուզան Սիմոնյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest